Թեեւ այս տարվա մայիսին Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետեւանքով տուժել էր 12 հազար ընտանիք, սակայն առաջիկայում փոխհատուցում կստանան միայն 6 հազարը: Ընդ որում, յուրաքանչյուր ընտանիք «Բնական աղետից տուժածների հիմնադրամ»-ից ստանալու է մոտ 40 հազար դրամ, որը քիչ է 100 դոլարից: Այս հիմնադրամի նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս ուրբաթ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունենալու ժողով, որի ընթացքում կծրագրվի, թե ինչպես բաժանեն գումարը: «Եթե մենք բոլորին տայինք, կհասներ 12 հազար դրամ: Բայց որոշել ենք, որ գումարն ամենակարիքավորներին է բաժանվելու: 40 հազար դրամն էլ հարցի լուծում չէ, 80-ն էլ, 100-ն էլ»,-ասաց Ա. Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենք չեն սահմանափակվելու այսքանով: Հիշեցնենք, որ հիմնադրամը հավաքել է 240 մլն դրամ, բայց կարկտահարության հասցրած վնասը գնահատվել է շուրջ 25 մլրդ դրամ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ