Երևանի Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները կհամագործակցեն Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադսկի և Մոսկովսկի շրջանների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի միջև հաստատված համագործակցության շրջանակում Երևանի Էրեբունի վարչական շրջանի և Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադսկի շրջանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը և Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովը:

Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Սանկտ Պետերբուրգի Մոսկովսկի շրջանի միջև, որը ստորագրել են վարչական շրջանների ղեկավարներ Արտակ Ալեքսանյանը և Վլադիմիր Ուշակովը:

Ստորագրված համաձայնագրերով համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության կառավարման, սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական, սպորտի և երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև տնտեսական կապերի հաստատման ու մի շարք այլ ուղղություններով: Կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել վարչական շրջանների միջև բարեկամական հարաբերությունները, փոխայցելությունների շրջանակում էլ կիրականացվեն փորձի և տեղեկատվության փոխանակումներ:

Կարևորելով համագործակցության համաձայնագրերի ստորագրումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այն նոր սկիզբ կդնի երկկողմ փոխգործակցությանն ու էլ ավելի կսերտացնի երկու քաղաքների բարեկամությունը:

Համաձայնագրերը ստորագրած կողմերն էլ ընդգծել են, որ համագործակցության շրջանակում հնարավորություն կընձեռվի ամրապնդել երկուստեք կապերը, ինչն իր հերթին կծառայի ի բարօրություն Երևանի և Սանկտ Պետերբուրգի բնակիչների:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս