ԳՆԴԵՎԱԶՑԻՆ ԻՐ ՀՈՂԸ ՉԻ ՎԱՃԱՌՈՒՄ «ԳԵՈԹԻՄ»-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկայում Ամուլսարի ծրագրի իրականացման համար Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի երեք բնակչի պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.975 հեկտար հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Դա արվում է` այդ տարածքները «Գեոթիմ» ՓԲԸ-ին տրամադրելու նպատակով:

Ամուլսարի ծրագիրն իրականացնում է 2005 թվականին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում ստեղծված, անհայտ ծագման «Lydian International» օֆշորային ընկերությունը: Նախատեսվում է տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից եւ Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա: Ամուլսարի ծրագրի շրջանակներում բաց եղանակով շահագործվելու է Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանագծին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը: Իսկ ոսկին հանքաքարից կորզվելու է Գնդեվազի վարչական տարածքում կառուցվող կույտային տարրալվացման հարթակում (կույտային տարրալվացումը արտադրական պրոցես է, որի ընթացքում ոսկին, արծաթը, պղինձը կամ այլ մետաղները կորզվում են ապարից) ցիանիդի միջոցով: Այս ամենի համար ընկերությունը պատրաստվում է ներդնել 370 մլն դոլար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2015 թվականին Գնդեվազի տարածքից ընկերությունն արդեն ձեռք է բերել ավելի քան 230 հողակտոր (130 հա), որոնք ընկած են տարրալվացման հարթակի տարածքում: Ըստ «Գեոթիմ»-ի՝ այս հատվածում տեղակայված հողատարածքները պետք է մատչելի լինեն շինարարական աշխատանքները ժամանակին եւ պատշաճ ձեւով սկսելու համար: Նշենք, որ շինարարությունը իրականացվելու է երկու տարվա ընթացքում:
Սակայն ընկերությունը չէր հաշվարկել, որ իր ծրագիրը իրականացնելու ճանապարհին բարդ խնդիրների առաջ է կանգնելու: Այսպես՝ ներկայումս ընկերությունը փորձում է ձեռք բերել եւս 4 հողակտորներ, որոնք գտնվում են ենթակառույցների համար նախատեսված տարածքի կենտրոնական մասերում: Դրանք պատկանում են երեք սեփականատերերի եւ դեռեւս ձեռք բերված չեն ընկերության կողմից՝ հողի սեփականատերերի անհամաձայնության պատճառով: Դրանք ձեռք չբերելու դեպքում շինարարական աշխատանքները չեն կարող լրիվ ծավալներով սկսվել, ինչի արդյունքում կխոչընդոտվի ծրագրի իրականացման ընթացքը:
Հողակտորների սեփականատերերից մեկի անհամաձայնությունը կապված է «Գեոթիմ»-ի առաջարկած փոխհատուցման գումարի հետ: Ըստ Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի՝ հողատարածքի սեփականատերը ցանկանում է վաճառել այն եւ դեմ չէ ծրագրին: Սակայն ընկերությունն էլ հակառակն է պնդում՝ հավաստիացնելով, որ իրենց առաջարկած փոխհատուցման գինը շուկայականից ավելի բարձր է: Այս սեփականատիրոջ հետ դեռ հարցերը չպարզած «Գեոթիմ»-ը խնդիրներ ունի նաեւ մյուսների հետ: Գնդեվազցի մյուս երկու սեփականատերերի դեպքում կան հողի առքուվաճառքի հետ կապված սահմանափակումներ, որոնց լուծումը չափազանց բարդ է, քանի որ հողամասերից մեկը սեփականատիրոջ կողմից գրավադրված է, իսկ երկրորդի սեփականատերը բացակայում է երկրից:
«Այդ հողակտորների սեփականատերերից մեկը բանկային հաշիվների հետ կապված խնդիրներ ունի, ինչի համար էլ գրավադրված է իր հողակտորը: Այն պետք է գրավադրումից հանվի, ինչից հետո ընկերությունը կարող է ձեռք բերել: Հողակտորը ԴԱՀԿ-ն պարտքի դիմաց բռնագանձել է: Բայց սեփականատերը մեծ գումարներ է պարտք: Իսկ մյուս հողակտորի սեփականատերը այժմ Գերմանիայում է եւ փախստականի կարգավիճակով է այնտեղ ապրում: Նա այնտեղից չի կարող ոչ մի տեսակի փաստաթուղթ ուղարկել, որպեսզի հողակտորը վաճառվի ընկերությանը: Երրորդ սեփականատերն էլ անձամբ է հրաժարվում իր հողն օտարել եւ չի համաձայնում ընկերության առաջարկած գնի հետ: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այս հարցը կառավարության միջամտությամբ պետք է լուծվի»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը:
Նշենք, որ «Գեոթիմ»-ը դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ փորձելով այս կերպ հարցին լուծում տալ: «Գեոթիմ»-ը պնդում է՝ կառավարության կողմից նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ՝ գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառի հողամասի սեփականատերերին: Ուստի ծրագրի իրականացման եւ ենթակառույցների շինարարության համար անհրաժեշտ է ձեռք բերել Գնդեվազի վերոնշյալ գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, որոնք գտնվում են նշված ծրագրի ներքո: Ըստ ընկերության՝ ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերին: Բացի այս՝ ընկերությունը խոստանում է, որ ծրագրի շինարարության տարբեր փուլերում կբացվեն մինչեւ 1300 աշխատատեղեր, որոնց մեծ մասը կհամալրվի տեղի եւ շրջակա գյուղերի աշխատուժով:
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը այս խնդրին անդրադառնալիս հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը մեծ վտանգ է ներկայացնում Սեւանա լճի համար: Դրա շահագործումը բերելու է Որոտան-Արփա-Սեւան թունելի քայքայմանը, իսկ հետո նաեւ այդ շատ վտանգավոր եւ ռեակտիվ ջրերի` դեպի Սեւանա լիճ թափանցմանը:
Այս ամենից հետո, թե ինչպես կվարվի Կառավարությունը` պարզ կդառնա առաջիկայում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԻՐԵՐԸ
Եգիպտոսի զինված ուժերը միջերկրածովյան Ալեքսանդրիա քաղաքից 290 կմ հյուսիս ընկած տեղանքում հայտնաբերել են EgyptAir ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները, հայտնել է եգիպտական պետական հեռուստատեսությունը: Միաժամանակ Կծ-ՁԹ հեռուստաալիքը հայտնել է, որ հայտնաբերվել են նաեւ ուղեւորների անձնական իրերը:
Եգիպտոսի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Սամիրը հաստատել է, որ բեկորներն իսկապես հայտնաբերվել են, ու որ դրանք պատկանում են հենց անհետացած ինքնաթիռին: Եգիպտոսի զինված ուժերը հավաքում են բեկորներն ու շարունակում որոնողական աշխատանքները հարակից շրջաններում, հայտնում է հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռում գտնվել է 66 մարդ՝ 56 ուղեւոր, անձնակազմի 7 անդամ, սպասարկող թիմի 3 ներկայացուցիչ:

 

 
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ
Բրյուսելում բանակցությունների արդյունքով ընդունված ԱՄՆ-ի, Եվրամիության, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի համատեղ հայտարարությունում նշվում է, որ օտարերկրյա բանկերն ու ընկերությունները չպետք է հրաժարվեն Իրանի հետ օրինական բիզնես վարելուց: «Մենք չենք կանգնի միջազգային ընկերությունների կամ ֆինանսական կառույցների ճանապարհին, որոնք համագործակցում են Իրանի հետ, եթե նրանք պահպանեն գոյություն ունեցող օրենքները»,- ասվում է հայտարարության մեջ:
Իրանի հետ անցած տարվա ամռանը ձեռք բերված ու փետրվարին ուժի մեջ մտած միջուկային համաձայնագրի պայմաններով Թեհրանի վրայից հանվել են սահմանափակումները, որոնք ավելի վաղ սահմանել էին ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն: Ամերիկայի եւ ԵՄ երկրների համատեղ հայտարարության համաձայն՝ Իրանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում եվրոպական եւ միջազգային այլ բանկերի ու ընկերությունների համար, ու գործողությունների համընդհանուր պլանը նախատեսում է Թեհրանի հետ կապերի վերականգնում:
Ի դեպ, փաստաթղթում նաեւ նշվում է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունն ուսումնասիրում են Իրանի հետ համագործակցության նոր ոլորտներ:

 

 

ՆԱՏՕ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Գերմանիան եւ Ֆրանսիան կոչ են անում շարունակել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի աշխատանքները: «Չնայած բոլոր տարաձայնություններին ու հակասություններին՝ հարկավոր է Ռուսաստանին բացատրել այն որոշումները, որոնք պլանավորված են ընդունել Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»,- առաջարկել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բրյուսելում դաշինքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո: Շտայնմայերի կարծիքով՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը նման բացատրությունների համար առավել հարմար ձեւաչափ է, իսկ նիստը հարկավոր է հրավիրել մինչ Վարշավայի գագաթնաժողովն սկսելը, որը նախատեսված է հուլիսի 8-9-ը:
Ի դեպ, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոնն իր հերթին հայտարարել է, որ հարկավոր է «միանգամայն բաց խոսել ռուսների հետ, որպեսզի նրանց մոտ անորոշություն չլինի մեր մտադրությունների առնչությամբ»:
«Մեր մտադրությունների մեջ է մտնում համընդհանուր անվտանգության երաշխիքների ապահովումն ու ահաբեկչության դեմ պայքարը, այդ պատճառով էլ մենք պետք ենք միմյանց»,- ընդգծել է ֆրանսիացի նախարարը:




Լրահոս