Ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծում տիրող իրավիճակը: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողների հարցին ի պատասխան Շարմազանովը խոսեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի մասին` ընդգծելով, որ քաղաքացի է, վերադարձել է. «Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ տեղաշարժի, վերադառնալու, գնալու: Հատուկ մեկնաբանելու բան չեմ տեսնում, վերադարձել է՝ բարով է վերադարձել, ինչ ասեմ»,- նշեց նա:
Այն դիտարկմանը, որ բացի վերադառնալուց նա քննադատության է ենթարկել իշխանություններին, Շարմազանովն արձագանքեց. «Անկախ ձեր նշած գործչի մեկնաբանություններից, հայտարարություններից և քննադատություններից մենք մեր կարծիքը քառօրյա պատերազի վերաբերյա հստակ ասել ենք: Քառօրյա պատերազմի ընթացքում ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ԶՈւ-երը կատարել են իրենց վրա դրված պարտավորությունները: Ադրբեջանական իշխանությունների, ադրբեջանական կողմի բից-կրիգը չի ստացվել, Ադրբեջանը ձախողվել է, որեւէ բնակավայր Ադրբեջանը չի կարողացել գրավել»: