Հարց քաղաքացիներից` ի՞նչ է անհրաժեշտ միանվագ հրատապ օգնություն ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է անհրաժեշտ միանվագ հրատապ օգնություն ստանալու համար։ Եվ կարո՞ղ է քաղաքացին դիմել օգնության համար:

Գայանե Վարդանյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Գ․ Վարդանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում:
Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Տեղեկացնենք, որ հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում՝ սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ։ Ի դեպ, հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար։

 




Լրահոս