ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում այսօր Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հետ:
Եթե Հայսատանի դեպքում նրանք խոստացել են, որ կպահպանեն հարաբերությունները, ապա պատկերն այլ է Ադրբեջանի դեպքում. նրանք խոստացել են խորացնել հարաբերությունները:
Սրա առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ, ով նշեց, որ չի կարծում՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կկնքվեն այնպիսի պայմանագրեր, որոնք համարժեք կլինեն Հայաստանի և ՌԴ-ի միջև կնքված պայմանագրերին:
«ՌԴ-ի տեսանկյունից, եթե դիտարկենք, որպես գլոբալ գերտերության ձգտող պետություն` իր անմիաջական հարևանությամբ գտնվող պետությունների հետ հատուկ հարաբերությունների մեջ գտնվելն ունի որոշակի պետական շահի նշանակություն այն առումով, որ բացի իր սեփական շահերից, նա հաշվի է առնում նաև այլ գերտերությունների շահերը: Սա է դրդրում նրան խորացնել հարաբերություները Ադրբեջանի հետ»:
Ինչ վերաբերում է ձևակերպումներին, քաղաքագետը նկատում է` Հայաստանի և Ռուսաստանի միջև պաշտպանական ոլորտում հարաբերություններն առանց այդ էլ շատ խորն են, և այդտեղ արդեն ավելի շատ շարունակելու խնդիր կա, քան խորացնելու:
«Իսկ Ադրբեջանի պարագայում ձևակերպման մասին է խոսքը. հարաբերությունները խորացնելը ենթադրում է, որ կան ոլորտներ, որտեղ այնքան էլ խորը չեն հարաբերությունները»,- շարունակեց մեր զրուցակիցը` հավելելով, որ Ռուսաստանը միշտ էլ նոր միջոցներ և հնարքներ կգտնի իր ազդեցությունը չթուլացնելու համար և արտաքին մյուս դերակատարներին թույլ չի տա զդեցությունը մեծացնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գոտում: