Համոզված եմ, որ այս տարիքում էլ ուշ չէ անձնական կյանքը կառուցելու համար. Մարգարիտ Խաչատրյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք հեռուստասերիալներից եւ հումորային ծրագրերից հայտնի դերասանուհի Մարգարիտ Խաչատրյանը տեւական ժամանակ է` էկրաններին չի երեւում: «Ժողովուրդ»-ը պարզել է` ինչով է նա այժմ զբաղված, արդյոք ծրագրում է առաջիկայում ներկայանալ հանդիսատեսին: Վերջինս անդրադարձել է նաեւ այն հարցին, թե արդյոք իր մեջ ապրող դերասանուհին երբեւէ խանգարել է կառուցել իր անձնական կյանքը:

-Տիկի՛ն Մարգարիտ, որքանով տեղյակ ենք` վերջին տարիներին հանդես եք գալիս շոու-ներկայացումներում: Համագործակցում եք դերասան Արթուր Հակոբյանի հետ: Կպատմե՞ք այդ մասին:

-Այո՛, ես, Արթուրը եւ երգիչ-ամուսիններ Արմանը ու Յանան այժմ աշխատում ենք համերգային նոր ծրագրի վրա: Այն տրագիկոմեդիա է, որը, թերեւս, կներկայացնենք նախ Երեւանում, ապա` մարզերում: Բացի այդ` ես նաեւ ստեղծագործում եմ. երգերի երաժշտություն եմ գրում: Ես ինձ երգահան չեմ համարում, բայց այնպես է ստացվել, որ արդեն 13 երգ ունեմ եւ պատրաստվում եմ ստեղծագործություններիս «Տիրամայր» շարքը շուտով հանձնել հանդիսատեսի դատին: Հիմնականում, կարդալով Ժաննա Աբրահամյանի խոսքերը, հնչյուններն իրենք իրենց այցի են գալիս:

13450765_1076136772467388_4137441926182451663_n

-Այսօր հանդիսատեսին ամենաշատը ո՞ր թեմաներն են հետաքրքրում, մարդկանց շրջանում ծիծաղ հարուցում:

-Առհասարակ, ես վստահ եմ, որ ամենաբարդ բանը ծիծաղ կորզելն է: Բայց միայն ծիծաղ հարուցելը չէ խնդիրը: Այսօր հոգու սով է, սիրո սով, ազնվության, արդարության պակաս կա: Արվեստի ցանկացած ստեղծագործություն, որը կդրդի մարդուն սիրել, շեդեւր է: Իսկ հումորի միջոցով հնարավոր է նրբորեն վեր հանել մարդու այս կամ այն թերությունը, այսինքն` ցույց տալ դա, բայց դրա համար նրան «չսպանել»:

-Այսօրվա հումորային հաղորդումները դիտո՞ւմ եք, ի՞նչ կածիք ունեք դրանց մասին:

-Անկեղծ ասած` չեմ դիտում: Եթե, օրինակ, իմ մասնակցությամբ ծրագրերն էլ երեբեւէ դիտել եմ, անմիջապես անջատել եմ հեռուստացույցը, որովհետեւ առաջին հերթին չեմ հավանում ինքս ինձ: Այսօրվա հաղորդումների վերաբերյալ չեմ էլ ուզում կարծիք հայտնել, որովհետեւ դաժան կլինի, եթե արտահայտվեմ: Մարդիկ պետք է հասկանան` որտեղ է այն սահմանը, որից հետո գալիս է գռեհկությունը:-

Սովորել եք Հրաչյա Ղափլանյանի կուրսում: Ձեր առաջին քայլերը կատարել եք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` անվանի դերասանների կողքին: Դուք տեսել եք, թե ինչ լրջությամբ էին նրանք մոտենում իրենց գործին: Կպատմե՞ք այդ մասին:

-Այն ժամանակ ոչ ոք բեմում հենց այնպես չէր հայտնվում, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ, օրինակ, կարելի է թատրոնը վարձակալության տալ: Վաղը չէ մյուս օրը կարող է փոքրամասնությունների ինչ-որ խումբ վարձակալել թատրոնը, մեկ էլ տեսնենք` իրենց ժողովն այնտեղ են անում: Իսկ ժամանակին թատրոնը սրբության սրբոց էր, եկեղեցի, խորանի պես մի բան: Մենք մի մուտքից դեպի մյուսը գնալու համար անգամ վարագույրի ետեւում բեմը ոտնատակ չէինք տալիս. դահլիճով պտտվում էինք ու հասնում մեր ուզած տեղը: Հիմա էլ կան արվեստի մարդիկ, որոնք նման վերաբերմունք ունեն թատրոնի նկատմամբ, բայց նրանք վերջին մոհիկաններն են:

13432203_1076136775800721_4540373335180206713_n

-Տիկի՛ն Մարգարիտ, հե՞շտ է լինել կանացի, ինչու ոչ` նաեւ սեքսուալ, բայց միեւնույն ժամանակ չվախենալ բեմում ծիծաղելի երեւալուց: Եղե՞լ է այնպես, որ դերասանուհին խանգարի Մարգարիտ Խաչատրյան կնոջը, խոչընդոտի նրա անձնական կյանքին:

-Ո՛չ, չի խանգարել: Դա նախեւառաջ ներաշխարհի հետ կապված հարց է: Մարգարիտ Խաչատրյանը բացարձակապես կապ չունի իր կերպարների հետ, թերեւս նրանց հետ նմանությունը միայն կենսունակությունն է: Ես առ այսօր աշխատում եմ ինքս ինձ վրա, որ այդ կերպարների «դարակները» չդատարկվեն: Ինչ վերաբերում է ծիծաղելի երեւալուն, նայեք Բարբարա Սթրեյզանդի մասնակցությամբ «Ծիծաղելի աղջիկը» ֆիլմը: Կարծում եմ` որքան էլ այդ կերպարը զվարճալի լինի, նրանից ավելի ցանկալի կին չկա:

-Դուք, որքանով տեղյակ ենք, այս պահին միայնակ եք, այո՞, Ձեր կողքին տղամարդ չկա:

-Այո՛, բայց ապրում եմ մայրիկիս հետ, այնպես որ երբեք միայնակ չեմ (ծիծաղում է): Ես ունեմ որդի, ունեմ թոռ, որի անունը Էրոս է` հին հունական սիրո աստծո անունով: Հիմա էլ սպասում եմ թոռնուհուս ծնունդին:

13418689_1076136782467387_6935153005682941641_n

Թերեւս երբեք էլ ուշ չէ նոր կյանք սկսելու համար…

-Ես համոզված եմ, որ այս տարիքում էլ ուշ չէ անձնական կյանքը կառուցելու համար: Ամեն օր ամեն թփի վրա նոր զատիկ է նստում, ուրեմն` օրը նորովի է բացվում: Իմ մեջ այնքան սեր կա, որ տալիս եմ բոլորին եւ համոզված եմ, որ այդ տվածը վերադառնալու է ինձ (ծիծաղում է):

Աննա Բաբաջանյան




Լրահոս