Գագիկ Հարությունյանը տևական և լուրջ խնդիր է համարում բարեփոխված Սահմանադրությունը կյանքի կոչելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 2015թ. բարեփոխված Սահմանադրությունը կյանքի կոչելը բավականին տևական և լուրջ խնդիր է: «Սահմանադրական մշակույթ» մենագրության շնորհանդեսի ժամանակ լրագրողներից հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: «Նախնական գնահատականներով 100-­ից ավել օրենքներ պետք է ընդունվեն, որից ավելի քան մեկ տասնյակը մայր օրենքներ են: Դրանց հայեցակարգերը մեր խորհրդում պարբերաբար քննարկման առարկա են դառնում:

Դրանք բոլորը կավարտվեն միայն 2018թ.: Եվ, երբ իրավական դաշտն ամբողջությամբ ներդաշնակ կլինի սահմանադրական լուծումներին և կառուցակարգային լուծումները կհամապատասխանեցվեն սահմանադրական լուծումներին, նոր Սահմանադրությունը կսկսի շնչել»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ` պարզաբանեց Հարությունյանը: Լրագրողներից մեկը ՍԴ նախագահին հիշեցրեց, որ ինքը միշտ նշում է, որ իր խիղճը հանգիստ չէ, քանի որ Սահմանադրության մեջ խնդիրներ է տեսնում և հարցրեց` արդյոք 2015թ. Սահամնադրական բարեփոխումներից հետո նրա խիղճը հանգստացե՞լ է:

Գագիկ Հարությունյանը նշեց, որ դժվար է ասել, որովհետև ամեն օր տեսնում է ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ: «Իմ մենագրության նախաբանի վերջում ես ավելի շատ պատգամ եմ անում, որ մեր տաղանդաշատ երիտասարդությունը կկարողանա կերտել մեր երազների Հայաստանի Հանրապետությունը, իսկ դա որոշակի առումով դեռ ինձ համար էլ երազանք է»,­ ասաց ՍԴ նախագահը:




Լրահոս