Ինչպես է Զառա Սահակյանի կրունկը բեմում կոտրվել, և ինչու է նա չորեքթաթ մի կուլիսից անցել մյուսը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Մենք խոստանում ենք բացահայտել նրանց բնավորության արտասովոր գծերը, գաղտնազերծել վերջիններիս կյանքում գրանցված, քչերին հայտնի «մութ» դրվագներ: Այս զրույցների արդյունքում բոլորիս կողմից ճանաչված անձինք հանդես կգան իրենց նոր, հետաքրքիր կողմերով: Այս անգամ զրուցել ենք մի շարք հումորային նախագծերից, սերիալներից հայտնի դերասանուհի Զառա Սահակյանի հետ:

13576493_1150256931697872_1112672872_n

-Զառա՛, օրը սկսում եք…

-Երեխայիս հետ խաղով, որը հաճախ վերածվում է «անկողնային գզվրտոցի»: Ընդ որում, դրանց մեծ մասի հեղինակը հենց նա է:

-Ձեր կյանքի շրջադարձային փուլերը:

-Առաջին փուլը վրա հասավ այն պահին, երբ ես կանգնած էի երկընտրանքի առջեւ` ընդունվել կոնսերվատորիա, թե՞ թատերական ինստիտուտ: Եվ ծանթությունս «32 ատամի» տղաների հետ ուղղորդեց թատերական ինստիտուտ: Երկրորդ փուլը սկսվեց այն ժամանակ, երբ հանդիպեցի ամուսնուս, իսկ երրորդը` երբ ծնվեց երեխաս:

-Զավեշտալի փորձեր Ձեր կարիերայում:

-Ես, այսպես ասած, դեպի կարիերա տանող առաջին քայլերս արել եմ Աբովյան քաղաքում` այցելելով մի հեռուստաընկերություն, որը պատրաստում էր հաղորդում քաղաքի շնորհալի երեխաների մասին: Ասացի՝ ես հաղթել եմ «Դո-ռե-մի» մրցույթում, խնդրում եմ ինձ էլ ընդգրկեք տեսանյութում: Բայց նման բան չկար, ես խաբեցի. դա շատ զվարճալի հարցազրույց էր (ծիծաղում է): Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դրանից երկու շաբաթ անց ես մասնակցեցի այդ ծրագրին եւ իսկապես հաղթեցի: Ստացվում է, որ երազանքս համարեցի կատարված, այնուհետեւ գնացի դրա ետեւից:

13578762_1150256998364532_968534714_n

-Բեմում տեղի ունեցած միջադեպ, որը Ձեր մտքից դուրս չի գալիս:

-12 տարեկան էի, Սանկտ Պետերբուրգում մասնակցում էի միջազգային մրցույթի: Բարձրակրունկներով ելա բեմ, կրունկս մնաց հատակի տախտակների արանքում: Ու փոխանակ երկու կոշիկս էլ հանեի, մեկով բարձրացա բեմ: Մարդիկ կային` ասել էին. «Էն կաղ աղջիկը լավ էր երգում» (ծիծաղում է): Վերջերս էլ «Մենք ենք եւ Մոխրոտը» ներկայացման ժամանակ ետնաբեմում լամպը պայթեց, եւ ես ստիպված էի չորեքթաթ մի կուլիսից անցնել մյուսը, որպեսզի շրջանցեմ փոսերն ու անհարթությունները (ծիծաղում է):

-Յուրահատուկ աշխատանք, որ կատարել եք, բայց քչերն այդ մասին գիտեն:

-Խոտհունձ եմ արել ամուսնուս ամառանոցում: Տղամարդկանց հետ հավասար աշխատել եմ:

-Հանգստի Ձեր նախընտրելի տարբերակը:

-Մեկնել այնպիսի վայր, որտեղ ջուր կա: Ես նման տեղերում, իսկապես, հանգստանում եմ…

-Անգամ մեծ գումարի դիմաց երբեք չեք համաձայնի…

-Մի բան անել, որը կվնասի իմ ընտանիքի համբավին, որից, օրինակ, իմ երեխան իրեն վատ կզգա:

-Իր, որ պահում եք ուշի ուշով, առանձնահատուկ խնամքով:

-Ես, առհասարակ, սնահավատ չեմ, եւ, ի տարբերություն շատ մայրերի, երբ երեխաս նոր էր ծնվել, նրա հետ ներկայանում էի հանրությանը, անգամ նրան հետս տանում էի աշխատանքի, նկարահանվում էի, իսկ դրա զուգահեռ սենյակում կերակրում էի բալիկիս: Բայց կար մի խաչ, որը միշտ ուղեկցում էր նրան, եւ ես հավատում էի, որ այդ խաչը կպաշտպանի որդուս: Հիմա ես այն պահում եմ նույն խնամքով:

13595802_1150257055031193_1934569776_n

-Մարդկանց հետ լեզու գտնելու ամենահեշտ ձեւը:

-Դա նրանց սիրելն է: Թատերական ինստիտում Արմեն Մազմանյանի կուրսն եմ ավարտել: Նա ասում էր. «Եթե ես իմ ուսանողին չսիրեմ, մեր դասը չի ստացվի»: Այդ սկզբունքը գործում է նաեւ այլ պարագաներում:

-Բնավորության գծեր, որոնք խանգարում են Ձեզ:

-Շատ նման գծեր ունեմ: Անմիջականությունս, օրինակ, երբեմն օգնում է ինձ, երբեմն խանգարում: Որոշ դեպքերում շատ սենտիմենտալ եմ, շուտ բռնկվող, իմպուլսիվ, իմ առջեւ դրված հարցերը առանձնապես ծանրութեթեւ անող չեմ: Այդ պատճառով երբեմն ինքս ինձ վրա զայրանում եմ:

-Մարդկային տեսակ, որը Ձեզ վանում է:

-Տասերեսանիները. նրանց երբեք չեմ հասկացել: Տանել չեմ կարողանում նաեւ մարդուն շահագործողներին, մարդուն մարդու պես չվերաբերվողներին:

-Բառեր կամ արտահայտություններ, որոնք Ձեր լեկսիկոնից բացակայում են:

-Չեմ հավատում-ը: Որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ այս կյանքում ոչինչ դոգմատիկ չէ, ամեն բան փոփոխական է, ուստի ամեն ինչի կարելի է հավատալ:

-Քաղաքական գործիչ, որը չի դադարում զարմացնել Ձեզ:

-Ժիրինովսկին (ծիծաղում է): Հատուկ որոնում եմ նրա մասնակցությամբ տեսանյութեր, որ դիտեմ, տրամադրությունս բարձրանա:

-Հիասթափության դեմ Ձեր դեղամիջոցը:

-Աղոթքը: Ես մի պարզ ճշմարտություն գիտեմ, որ եթե մի խնդրի մասին անընդհատ մտածում ես, այդ մտքերով քեզ տանջում ես, դու փակում ես բոլոր դռները, որտեղից քեզ մոտ լույս էր գալու:

-Արժի ապրել թեկուզ հանուն…

-Իմանալու եւ զգալու, որ դու գիտակցես, որ կաս:

Աննա Բաբաջանյան




Լրահոս