Մոտ 270 մլն դրամ` Սերժ Սարգսյանի համակուրսեցու ղեկավարած ՊՈԱԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանա լճի մաքրման, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում գիտական ուսումնասիրությունների, պարկի արգելավայրի պահպանման եւ այլ ծրագրերի անվան տակ յուրաքանչյուր տարի պետբյուջեից հսկայական գումարներ են դուրս գրվում: Մինչդեռ Սեւանա լճի խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլեւ բազմանում են:

«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին այս տարի հատկացրել է 269 մլն 424 հազար դրամ գումար: Տեղեկացանք, որ ՊՈԱԿ-ին հատկացված գումարը ծառայելու է «Սեւան ազգային պարկի» պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման համար: Այդ թվում 9 մլն դրամ հատկացվել է պարկի 7 հա տարածքի վրա անտառտնկման միջոցառումներ իրականացնելու համար, իսկ գիտական ուսումնասիրությունների իրականացման համար՝ 15 մլն 700 հազար դրամ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 243 մլն 824 հազար դրամ հատկացվել է պարկի պահպանության ծառայությունների՝ աշխատակիցների կողմից պետական արգելոցի եւ արգելավայրի տարածքներում ստուգումների եւ շուրջօրյա հերթապահությունների համար, բացատրական եւ քարոզչական միջոցառումների կազմակերպման եւ իրականացման, արդյունքների ամփոփման ու վերլուծության համար:

Արդյոք դրանք կազմակերպվում, իրականացվում կամ ամփոփվում են, հայտնի չէ: Բայց այն, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրինում է մի մարդ, ով բացարձակ տեղյակ չէ բնապահպանական խնդիրներից, դա վաղուց բոլորին հայտնի փաստ է: Եւ բնապահպանության նախարարությունը շարունակում է դա անտեսել:

Տեղեկացնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրեն չունի: Իսկ տնօրենի պարտականությունները դեռեւս 2013 թվականից մինչ օրս կատարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Գնդոյանը: Նա Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: Թերեւս սա է պատճառը, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը այդպես էլ չի զբաղվում Սեւանա լճի հիմնախնդիրների լուծմամբ, ինչի համար էլ որ ստեղծված է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս