Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կայացած Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարի վոլեյբոլ մարզաձևի եզրափակիչ խաղին:
«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնի համաքաղաքային փուլում նախ ուժերն են չափել վոլեյբոլ մարզաձևի Երևանի վարչական շրջանների թիմերը: 3-րդ և 4-րդ տեղերի համար պայքարում մրցել եմ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների թիմերը: Ավելի ուժեղ են գտնվել շենգավիթցի պատանի վոլեյբոլիստները: Եզրափակչում հանդիպել են Ավան և Աջափնյակ վարչական շրջանների թիմերը: Համառ և անզիջում պայքարում հաղթող է ճանաչվել Ավանի վոլեյբոլի թիմը, որին մեդալներ ու պատվոգիր է հանձնել քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրած Աջափնյակի և Շենգավիթի թիմերին համապատասխանաբար պարգևատրել են Երևանի քաղաքապետի խորհրդական, Երևան քաղաքի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը և քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Մրցանակներ էին սահմանվել նաև թիմերի լավագույն խաղացողների համար:
Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: