36-ամյա Արտակը ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից և պահանջել 330 հազար դրամ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի հուլիսի 11-ին, քաղաքացի Ս.Խ.-ի հաղորդման հիման վրա, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ խարդախությամբ գումար հափշտակելու պահին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել՝ Երևան քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Արտակ Գևորգի Նազարյանը:

phoca_thumb_l_2 001

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ որևէ առնչություն չունեցող Արտակ Նազարյանը, ներկայանալով որպես նշված ծառայության աշխատակից, Ս.Խ.-ից պահանջել և փորձել է ստանալ 330.000 ՀՀ դրամ՝ իբր որպես վերջինիս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված վարչական տուգանքի գումար, ինչպես նաև խոստացել հետագայում նշված գործունեության հովանավորչություն իրականացնել:
Խարդախության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ա. Նազարյանի նմանօրինակ գործողություններից տուժած այլ անձանց խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ զանգահարելով 010-56-35-15 կամ 011-54-81-19 հեռախոսահամարներով(Դիտել լուսանկարը):

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն




Լրահոս