Տեղի ունեցավ «Իմ Հայասատան» համահայկական երրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 22-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարարվեստի օրերի մեկնարկով տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո:

Հայաստանի Հանրապետության հիմնից հետո Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Տերունական աղոթքով օրհնեց փառատոնի մասնակիցներին և հյուրերին:

ՀՀ Նախագահի ողջույնի ուղերձը ներկայացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Պարուսույց Սուրեն Խաչատրյանն ընթերցեց Հայոց բանակում ներկայումս ծառայող իր սանի նամակը, որտեղ նա ողջունում էր «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներին և հույս հայտնում, որ երկու տարի հետո անպայման կմասնակցի փառատոնին:

Ցուցադրվեց «Իմ Հայաստան-2014» տեսաֆիլմը:

Ելույթ ունեցան փառատոնին մասնակցելու համար աշխարհի 25 երկրներից ժամանած 48 պարախմբերը՝ Բոստոնի «Սայաթ-Նովա», Բուենոս Այրեսի «Մասիս», Մոսկվայի «Կիլիկիա», «Վարդավառ», «Հայասա», Սանկտ Պետերբուրգի «Նաիրի», Ապշերոնսկի «Ուրարտու», Կրասնոդարի «Արմավիր», «Նարեկ», Թբիլիսիի «Անի», «Վանք», «Տարոն», Ստավրոպոլի «Նաիրի», Դոնի Ռոստովի «Արփի», «Հայաստանի փայլեր», «Զվարթնոց», Թեհրանի «Զարթոնք», Սոչիի «ԼՈՈ», Կալուգայի «Տաշիր», Ջավախքի «Վաչիան», «Բարալեթ», Արմավիրի «Արարատ», Մայկոպի «Նաիրի» և «Վարդանանք», Գելենջիկի «Նուռ և Անի», Խարկովի «Արաքս», Աթենքի «Ավետիս», Սպահանի «Կռունկ», «Էրեբունի», Բեյրութի Համազգայինի «Քնար», Ֆիլադելֆիայի Համազգայինի «Մեղրի», Նյու Ջերսիի Համազգայինի «Նաիրի» պարախմբերը, Արցախի պարի պետական անսամբլը:

Փառատոնի մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին երգիչներ Գևորգ Հաճյանը, Արսեն Գրիգորյանը, Մասիս Մինասյանը:

Այնուհետև բեմում հայտնվեցին 25-ամյա 25 երիտասարդներ, որոնցից յուրաքանչյուրը մեկ հակիրճ նախադասությամբ ներկայացրեց 25 տարիների ընթացքում Անկախ Հայաստանի` իր պատկերացմամբ հիմնական նվաճումները:

Փառատոնի բացման ավարտին մասնակիցներին ողջունեց ու բարի երթ մաղթեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի սիրելի´ մասնակիցներ, Սփյուռքից ժամա¬նած թանկագին քույրեր և եղբայրներ, ջերմությամբ ու սիրով ողջունում եմ ձեզ Հայրենիքում և շատ ուրախ եմ, որ մեծ ոգևորությամբ եք եկել մասնակցելու մշակութային եզակի այս փառատոնին, որին պատրաստվել եք մոտ երկու տարի:

Աշխարհի տարբեր անկյուններում պարտադրանքով հանգրվանած հայն իր ինքնության պահպանման համար Հայաստանի հողի ընդերքից սնունդ և ուժ առնելու անհրաժեշտություն ունի: Հող հայրենին իմաստավորվում է նաև մշակույթով, լեզվով ու հավատքով, որոնք ամրություն և ոգի են հաղորդում յուրաքանչյուրիս:

Մշակույթը մեր դեմքն է, հայի անձնագիրն աշխարհում, և չափազանց մեծ է խորհուրդն այն բանի, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը հյուրընկալում է 25 երկրից ժամանած մեր հայրենակիցներին, քանզի մենք այն նվիրել ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյա հոբելյաններին: Առանձ¬նակի շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ ձեր ազատ ժամանակը լցնում եք արվեստով, հավատարիմ եք մնում ձեր մշակույթին: Հիացմունքս և երախտագիտությունս եմ հայտնում նաև մեր պարուսույցներին, խմբավարներին, արվեստի ուսուցիչներին:

Բարի երթ ձեզ, ստեղծագործական թռիչք և բարձունք՝ ի նպաստ Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցության ամրապնդման և Հայաստանի զորացման, հայ ժողովրդի բարօրության ու լուսավոր, գունեղ ապագայի:

ՀՀ սփյուռքի նախարարությունը միշտ սպասում է ձեզ, միշտ պատրաստ է բոլոր հարցերում զորավիգ լինել և համատեղ տոնել ձեր բոլոր հաջողությունները:

Վստահ եմ, որ երեք ամիս շարունակ «Իմ Հայաստան» փառատոնը ոչ միայն Հայաստանում, Արցախում, այլև Սփյուռքում ոգևորելու, ջերմացնելու է հազարավոր մարդկանց սրտեր»:

Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախա-գծերի մշակմանը:

Փառատոնին մասնակցության 110 հայտ են ներկայացրել աշխարհի 25 երկրից 1429 մասնակից, այդ թվում 48 պարախումբ, 11 երգչախումբ և գործիքային համույթ, 54 անհատ կատարող: Պարախմբերից, երգչախմբերից և անհատ կատարողներից 72-ը փառատոնին մասնակցում են առաջին անգամ:

Նշենք, որ պարարվեստի օրերը կտևեն 10 օր: Երգչախմբային արվեստի օրերը կսկսվեն օգոստոսի 5-ին և կավարտվեն օգոստոսի 10-ին: Դուդուկի և հայկական այլ նվագարանների օրերը նախատեսված են սեպտեմբերի 21-ից 25-ը: Սեպտեմբերի 26-ին Կոմիտասի ծննդյան օրը կատարողները ավանդաբար հանդես կգան հայկական ստեղծագործությունների կատարումներով: Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 28-ին տեղի կունենա նաև 100+1 համերգային ծրագիրը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության տարելիցին: Խմբերը ելույթ կունենան Շիրակի, Լոռվա, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր սփյուռքից ժամանած պարուսույցների համար:




Լրահոս