ԻՆՉՈ՞Ւ ՁԱՅՆ ՉՀԱՆԵՑ
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում սպանված Խաչատուր Խաչատրյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ զինվորի սպանությունը ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում իրավիճակը բավական լարված է եղել: Այդ օրերին հայկական սահմանին ադրբեջանցիները կրկին փորձել են սադրանքներ հրահրել, ինչի համար հրամանատարները զինվորներին կոչ են արել առավել զգոն լինել: Ավելին, երբ ժամկետային զինծառայող Տիգրանը կրակել է սահմանից եկող ոտնաձայների ուղղությամբ, ուրախ շտապել է իր զինծառայող ընկերներին ասելու, թե թշնամուն սպանել է, սակայն ավելի ուշ պարզվել է, որ սպանվածն իր ընկերն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տիգրան Հակոբյանի մայրը՝ Էվելինան, ասաց, որ իրենց նույնպես նման տեղեկություններ են հասել. «Սակայն մեզ համար անհայտ է մնում, թե Խաչատուրն ինչպես է հայտնվել իմ տղայի դիրքում, ինչո՞ւ ձայն չի հանել: Հիմա սպասում ենք փորձաքննության արդյունքներին ու տեսնենք, թե ինչ կլինի: Միայն Խաչատուրը գիտեր, թե ինչ է կատարվել սահմանին»:
ՍԱՐՍԱՓԵԼԻ ԹՎԵՐ
Ազգային վիճակագրական ծառայությանը մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում գրանցված արտագաղթի, ինչպես նաեւ ժողովրդագրական վիճակագրական մյուս տվյալները բավական մտահոգիչ են: Ու թերեւս դա է պատճառը, որ ՀՀ ԱՎԾ-ն ամեն գնով հետաձգում է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. հունվար-սեպտեմբերին» զեկույցի հրապարակումը:
ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար-խորհրդական Սոնա Տռուզյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: «Սա վաղուց կայացրած որոշում էր, եղել է իմ նախաձեռնությամբ, եւ կարծում եմ՝ շատ տրամաբանական է: Ես ունեմ աշխատանքի այլ առաջարկ, որն ընդունել եմ: Աշխատանքից ազատվելու իմ որոշումն ունեի դեռ սեպտեմբերին, երբ արդեն լրացել էր Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը, ուղղակի մասնագիտական էթիկայից ելնելով՝ շարունակել եմ աշխատել մինչեւ նոր գլխավոր դատախազի նշանակումը»,-երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ս. Տռուզյանը: Հարցին, թե որ ոլորտում է աշխատանքի առաջարկ ստացել, նշեց. «Երբ հրամանը լինի, կտեղեկացնեմ, նախապես չեմ ուզում ասել»:
Երեկ աշխատանքից ազատվել է նաեւ Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ազատման դիմում է ներկայացրել նաեւ դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Գրիգոր Նավասարդյանը: