Դատարանն էլ, օրենքն էլ նախագահի ձեռքում են. Թամար Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբանների պալատ այցի նպատակը մեկն էր ցույց տալ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով զբաղվող փաստաբաններին, որ նրանք միայնակ չեն և ունեն հանրային աջակացություն, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Մկրտչյանի այրին՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը. «Կարելի է ասել, իմ առաջարկով երեկվա հանրահավաքի և երթի մասնակցիներից ոմանք եկան` այցելելու Փաստաբանների պալատ, որպեսզի գնանք և  խմբավորման անդամների գործերով զբաղվող, նաև հուլիսի 29-ին  ձերբակալվածների գործերով զբաղվող փաստաբաններին ցույց տանք, որ ունեն հանրության պաշտպանությունը»:

Թամար Հովհաննիսյանը նաև նշեց, որ գրեթե երկու ժամ տևած քննարկման ընթացքում առաջ են քաշվել տարբեր հարցեր, և իրենք իրենց զորակցությունն են հայտնել փաստաբաններին, որպեսզի նրանց ձայնն ավելի լսելի դառնա. «Փաստաբանների հետ հանրությունը հանդիպեց, որպեսզի իրենց պաշտպանյալներին, ովքեր նաև հանրության պաշտպանյալներ են, միասի´ն պաշտպանենք»:

Հարցին` որքանո՞վ է իրատեսական համարում, որ դատարանն արդարացի վճիռ կկայացնի, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ո´չ փաստաբան եմ, ո´չ էլ իրավաբան, որպեսզի կարողանամ այդ հարցին պատասխանել: Այդ հարցը պետք է հղեք հանրապետության նախագահին, որովհետև դատարա´նն էլ է իր ձեռքում,     օրե´նքն էլ, ամեն ի´նչ էլ…: Համենայնդեպս, դատեք ինքներդ` եթե մինչ հիմա անմեղության կանխավարկածը խախտելով, միակողմանի վճիռներ կայացնելով` բերման են ենթարկվում, ձերբակալվում են, կալանավորվում են, որի ընթացքում նաև մարդկանց խոշտանգում են, հարվածներ են հասցնում, դրանք ի՞նչ գործողություններ են և ինչի՞ մասին են խոսում»:




Լրահոս