ԵԱՀԿ-ն հայտնել է, թե ինչից է կախված ԼՂ հակամարտության կարգավորումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից: Այս մասին այսօր «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումները «թափ հաղորդեցին հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին»:

«Կարևորն այն է, որ նախագահները կրկին հաստատեցին իրենց հակվածությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես նաև ակտիվորեն քննարկվեցին առաջարկները, որոնք կարող են խաղաղություն հաստատել երկու կողմերի միջև»,-ասել է Ուորլիքը:

«Մենք լավատեսություն ենք պահպանում և հավատում ենք, որ այս տարի համանախագահները՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց աջակցությամբ, կշարունակեն ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացը: Հակամարտության կարգավորումը կախված է երկու կողմերի քաղաքական կամքից»,-հավելել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը:




Լրահոս