ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում հանրակրթական դպրոց ընդունվելու համար:
Մարինե Աբրահամյան, 29 տարեկան, վաճառող
ՊԱՏԱՍԽԱՆ. Հանրակրթական դպրոց ընդունվելու համար երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) դպրոց է ներկայացնում`
ա) դիմում,
բ) 2 լուսանկար,
գ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
դ) տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից),
ե) դպրոցից դպրոց աշակերտի փոխադրման թերթիկը` հաստատված տվյալ դպրոցի տնօրենի կողմից (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար),
զ) աշակերտի անձնական գործը` հաստատված տվյալ դպրոցի տնօրենի կողմից (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար):
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե առաջին դասարանցիների թիվը շարունակի տարեցտարի նվազել, ապա շատ չանցած` դպրոցները մասնավոր բուհերի կարգավիճակում կհայտնվեն եւ աշակերտ հավաքագրելու նկատառումներով գովազդ կտարածեն: Պաշտոնական եւ հատկապես մասնավոր դիտարկումները վկայում են, որ ամեն տարի դիմորդների թվի խայտառակ անկում է արձանագրվում:
Թեեւ սովորաբար լսում ենք սփյուռքի դպրոցների փակման մասին, սակայն ներկա գործընթացները անխուսափելի են դարձնելու նաեւ տեղական կրթօջախների փակումը: Առանց այն էլ, եթե 10-20 տարվա կտրվածքով աշակերտների թիվը համեմատում ենք, ապա թվերն այնպիսի սարսափազդու պատկեր են ներկայացնում, որ դպրոցների մի ստվար մասն արդեն իսկ կարելի է փակված համարել: Եվ բնական է, որ եթե երկրի երկրորդ դեմքը խրախուսում է արտագաղթը, ապա առավել վատթար ժամանակները առջեւում են: