Վրաստանի իրավապահ մարմինները երեկ կանխել էին Ռուսաստանից Հայաստան հասնող գազատարի պայթեցումը:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը գազի պայթեցման փորձի գործով 7 մարդու էր ձերբակալել: Ձերբակալվածների թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան, ով ձերբակալվել է լիազորությունների չարաշահման փաստով, իսկ հանցագործության մասին տեղեկությունը թաքցնելու համար ձերբակալվել է քաղաքացի Իրակլի Բ.-ն: Մյուս ձերբակալվածներն են Բեկա Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Մինդիա Վ.-ն, Ջաբա Մ.-ն և Նուրի Չ.-ն:
«Սպուտնիկ Գրուզիա»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը՝ Բեկա Բեկաուրին ընդունել է իր մեղքը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ձերբակալվածի փաստաբան Մայա Չրելաշվիլին: «Շատ բարդ դրություն է: Նա (Բեկա Բ.-ն) գանգուղեղի վնասվածք է ստացել: Սպասում ենք վիրահատությանը: Նա վնասվածքներ է ստացել ձերբակալության ժամանակ: Այո, նա ընդունել է իր մեղքը: Առաջադրվել են մեղադրանքներ 323-ի 1-ին և 323 հոդվածների 2-րդ մասերով, որոնք ենթադրում են՝ ահաբեկչություն»,- ասել է Չրելաշվիլին:
Ներկա պահին Թբիլիսիի քաղաքային դատարանը դիտարկում է մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցի մասին հարցը: Դատախազությունը նախնական կալանավորում է պահանջում:
Վրաստանի ՊԱԾ-ի վարկածով՝ խումբը փորձել է պայթեցնել Սագուրամո գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանն ու Հայաստանը: