ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը: Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվում է շաբաթական 1,5 դասաժամ՝ տարեկան 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչին կամ «Ֆիզկուլտուրա» առարկային հատկացված դասաժամերից:
«Ազգային երգ ու պար» առարկայի 7-րդ դասարանի փորձնական ծրագրի հեղինակը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանն է: Ծրագիրը ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կողմից ստացել է դրական եզրակացություն: Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած: Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում: Այս տարի «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը կիրականցվի 113 հանրակրթական դպրոցներում: