Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը, խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Էլինար Վարդանյանը եւ Արմեն Ռուստամյանը հանդիպել են Հայաստան ժամանած Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության անդամների հետ:
Ողջունելով հյուրերի այցը Հայաստանի խորհրդարան՝ Շիրակ Թորոսյանը նշել է, որ Բելգիայի հետ Հայաստանի կապերն ակտիվ զարգանում են. ընթացիկ տարում Հայաստան եւ Արցախ են այցելել բելգիական երկու խորհրդարանական պատվիրակություններ: Խմբի ղեկավարը կարեւորել է նման այցերը եւ ընդգծել, որ խորհրդարանական շփումները կարող են նպաստել երկու երկրների երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին՝ Շիրակ Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի Թագավորության խորհրդարանին՝ նախորդ տարի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման համար՝ նշելով, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ժամանակին չճանաչելը հետագայում հանգեցրել է այլ ցեղասպանությունների իրականացման: Շիրակ Թորոսյանը դրվատանքի խոսքեր է հղել Բելգիայի Թագավորությանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հավասարակշիռ դիրքորոշման համար եւ շեշտել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. ըստ նրա՝ այդ մասին է վկայում նաեւ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Պարոն Թորոսյանը նաեւ տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է հանդես գալ ռազմատենչ հռետորաբանությամբ, ինչը խանգարում է բանակցային գործընթացի վերսկսմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումներին, Ընտրական օրենսգրքի ընդունմանը, մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին եւ այլն:
Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար տիկին Էլս վան Հուֆը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նույնպես կարեւորել խորհրդարանական փոխայցերն ու հնարավորության ընձեռումը՝ այցելելու Հայաստան եւ Արցախ: Տիկին Հուֆը կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը Բելգիայի խորհրդարանում, խոսել քառօրյա պատերազմից հետո բելգիական պատվիրակության՝ Հայաստան եւ Արցախ կատարած այցի վերաբերյալ՝ նկատելով, որ այն հնարավորություն է տվել իրավիճակին ծանոթանալու տեղում եւ իրականացնելու քննարկումներ: Բելգիացի խորհրդարանականը կարեւորել է խնդրի խաղաղ եւ քաղաքական հանգուցալուծումը, շփման գոտում հետաքննության մեխանիզմների ներդրումը, որը, ինչպես պատասխան խոսքում նշել է Շիրակ Թորոսյանը, առայսօր չի ներդրվել Ադրբեջանի դիմադրության պատճառով:
Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Էլինար Վարդանյանը եւ Արմեն Ռուստամյանն անդրադարձել են քննարկվող հարցերին, ներկայացրել իրենց տեսակետները:
Կարինե Աճեմյանը, ողջունելով բելգիացի պատգամավորների այցը Հայաստան, կարեւորել է Եվրամիության, ինչպես նաեւ Բելգիայի հետ Հայաստանի կապերի սերտացումը՝ նշելով, որ այդ հարցում նշանակալի մաս ունի նաեւ խորհրդարանական փոխգործակցությունը: Տիկին Աճեմյանը կարեւորել է բելգիացի գործընկերների անաչառ եւ օբյեկտիվ գործելաոճը միջազգային տարբեր հարթակներում:
Էլինար Վարդանյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը եւ այդ համատեքստում անհրաժեշտ համարել փոխայցերը, անդրադարձել Հայաստանում ներքաղաքական իրավիճակին եւ ՀՀ ընտրական օրենսգրքի ընդունմանը՝ կարծիք հայտնելով, թե այն չի ընդունվել կոնսոլիդացիայի պայմաններում:
Արմեն Ռուստամյանը բելգիացի խորհրդարանականների այցը Հայաստան եւ Արցախ համարել է լավ հնարավորություն՝ տեսնելու անկախության 25 տարիներին Արցախի ձեռքբերումներն ու նրա ժողովրդի մաքառումը: Պարոն Ռուստամյանն անիմաստ է համարել Ադրբեջանի նկրտումները՝ Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու իր կազմ, ըստ նրա՝ դա կնշանակի Խորհրդային միության վերածնում:
Տեղեկացնենք, որ այսօր նախատեսվում է բելգիացի խորհրդարանականների այցը ԼՂՀ: