ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐԸ ՇՆՉԱՀԵՂՁ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հուլիսին պետական բյուջեն կրկին թերակատարվել է: «ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այս տարվա հուլիսին, անցած տարվա համեմատ, 1,5 միլիարդ դրամով պակաս հարկեր են հավաքագրվել: Այս երեւույթի վրա, իհարկե, կարելի էր աչք փակել, եթե Հայաստանի տնտեսությունում այնպիսի զարգացումներ տեղի ունենային, որոնք հույս կներշնչեին, որ առաջիկայում իրավիճակը կշտկվի: Սակայն Հայաստանում շարունակում են թեւածել համընդհանուր հուսահատությունը եւ վաղվա օրվա նկատմամբ անվստահությունը: Ու այս երեւույթի միակ եւ հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքական կյանքը միշտ նույնն է:
Մինչդեռ աշխարհի ամենազարգացած եւ բարձր կենսամակարդակ ունեցող երկրները նրանք են, որտեղ պարբերաբար իշխանափոխություն է տեղի ունենում: Ընտրությունը հասարակության մեջ ընկալվում է որպես կառավարության փոփոխություն, իսկ պաշտոնյաներն էլ իրենց հավերժ չեն զգում ու չեն լկտիանում: Ու եթե Հայաստանում այս ընտրությունների արդյունքում էլ փոփոխություններ չլինեն, մեր պետությունը պարզապես շնչահեղձ կլինի եւ կշարունակի թուլանալ: Իշխող վերնախավն այս պարզ իրողությունը վաղուց պետք է գիտակցած լիներ: Հուսանք` առաջիկա ՏԻՄ ընտրություններն այդ փոփոխությունների խցանը բացելու լավ առիթ կլինեն:

 

 
Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ իրավապահներին սխալ օպերատիվ տվյալներ են ներկայացվել: Ու հիմա ակտիվ քննարկվում է վարկածն այն մասին, որ իրավիճակը սխալ ներկայացնելու հետեւանքն են եղել հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում ծավալված արյունալի իրադարձությունները: «Ժողովուրդ»ի հավաստի տեղեկություններով՝ բախումներից առաջ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարությանը զեկուցել են, թե իբր քարերով եւ փայտերով զինված ցուցարարների մի խումբ Սարի թաղի կողմից շարժվում է դեպի ՊՊԾ գնդի տարածք եւ պատրաստվում է ճեղքել ոստիկանական պատնեշն ու միավորվել «Սասնա ծռերին»: Այդ տեղեկության հիման վրա էլ հրահանգվել է Սարի թաղում հավաքված ցուցարարներին ամեն գնով ցրել: «Ժողովուրդ»-ը փորձեց վերը բերված լուրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից: Ի պատասխան՝ նա ասաց. «Գործով քննություն է ընթանում, բոլոր հարցերի պատասխանը քննության ավարտից հետո»:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի նստավայրում քննարկումներ են կազմակերպվել Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են դատաիրավական համակարգի ներկայացուցիչները: Նախագիծը, կարելի է ասել, գրեթե պատրաստ է, եւ այդ քննարկման ընթացքում վերջին ճշգրտումներն են իրականացվել: Մեր տեղեկություններով՝ համաներման նախագծի մշակումը նախատեսվում է ավարտել մինչեւ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը` սեպտեմբերի 12-ը: Այս տեսանկյունից ուշագրավ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը: Հնարավոր համաներման մասին լուրերի տարածվելուց հետո դատապարտյալները ամեն կերպ ձգտում են խախտում թույլ չտալ, որպեսզի համաներմամբ նախատեսվող պատժի մեղմացումից չզրկվեն: Նախագահական նստավայրից համաներման շուրջ քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ մեկնաբանություն ստանալու «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերն ապարդյուն անցան. հեռախոսազանգերին չպատասխանեցին:

 

 
Չնայած արդեն մեկ ամիս է, ինչ Գեւորգ Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին եւ այլեւս աշխատանքի չի գնում, սակայն իրավական տեսանկյունից նա շարունակում է մնալ ՀՀ գլխավոր դատախազ: Ավելին՝ օրենսդրության տեսանկյունից գլխավոր դատախազը պարտավոր է խորհրդարանին հրաժարականի դիմում ներկայացնել: Սակայն Կոստանյանը Աժ-ին արհամարհեց եւ հրաժարականի դիմում չներկայացրեց, խորհրդարանի ղեկավարությունն էլ կարծես այդ մտքի հետ համակերպվել է: Ստեղծված իրավիճակում ակնհայտ է թերեւս միայն այն, որ նոր գլխավոր դատախազը նույնպես իշխանության երիտթեւից է լինելու, ինչպես Սերժ Սարգսյանի կողմից վերջին շրջանում նշանակված մյուս պաշտոնյաները: Ուստի հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ այս օրերին որպես ՀՀ գլխավոր դատախազի առավել հավանական թեկնածուներ երկու անուն է շրջանառվում` նախագահի օգնական Հրայր Ղուկասյան եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյան: Ի դեպ, ըստ լուրերի՝ Կոստանյանի հեռանալուց հետո շատ դատախազներ «մաղարիչ» են արել:

 

 
ՍՏԱՀՈԴ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, երեկ Թբիլիսիում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին, ուշագրավ հայտարարություն է արել: «Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ճիշտ ուղու վրա են: Դա կարեւոր դրվագ էր: Տրամադրվածություն եւ համոզմունք կա, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, ինչն իր հերթին կարող է բանակցային պրոցեսում բեկման հանգեցնել: Մենք կարծում ենք, որ նման հնարավորությունն առկա է»,- ասել է Մամեդյարովը:
Թե կոնկրետ ինչն է հիմք տվել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին Սանկտ Պետերբուրգի հանդիպումից երկու ամիս անց նման լավատեսական հայտարարությունների համար, դժվար է ասել: Հիշեցնենք, որ Մամեդյարովը գրեթե նույնքան ոգեւորված հայտարարում էր բանակցային գործընթացում առաջընթացի լուրջ հիմքերի մասին նաեւ 2015թ. մայիսին՝ Մոսկվայում իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում: Սակայն ինչպես տեսանք, նրա լավատեսական սպասումները մինչ օրս չարդարացան, ավելին՝ Ադրբեջանը ստիպված եղավ ռազմական ագրեսիայի դիմել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեռյալ կետից որեւէ ձեւով առաջ շարժելու եւ գերտերությունների ուշադրությունն իր պահանջների վրա հրավիրելու համար:
Եւ հիմա Մամեդյարովի կողմից ընդգծումը, թե հենց Պուտինի միջնորդությամբ կայացած հանդիպումից ադրբեջանական կողմը շատ գոհ է, իրականում ավելի շատ քարոզչական բնույթի հայտարարություն է՝ ուղղված Հայաստանի լսարանին: Ըստ ամենայնի, Ադրբեջանում մտածում են, որ Հայաստանում ծավալվող հակառուսական տրամադրությունների, «Լավրովի պլանի» իրագործման ուղղությամբ Կրեմլից գործադրվող ճնշումների մասին արտահոսքերի պայմաններում հայտարարել, թե Սանկտ Պետերբուրգում կայացել է մի համաձայնություն, որը կարող է բեկման հանգեցնել, կարող է Հայաստանում խուճապային տրամադրություններ առաջացնել՝ կրկին սրելով «տարածքները հանձնելու» շուրջ անցած երկու ամիսներին ծավալվող մասսայական փսիխոզը:
Սակայն հատկապես օգոստոսի 18-ին Շավարշ Քոչարյանի հայտարարությունից հետո, որին, ի դեպ, հաջորդեցին նաեւ Հայաստանի եւ ԼՂՀ ՊՆ նախարարների նույնաբովանդակ հայտարարությունները՝ այս պահին փոխզիջումների անհնարինության մասին, ինչպես նաեւ սահմանային դիրքերի ամրապնդման ուղղությամբ վերջերս կատարված հսկայական աշխատանքը նման շահարկումների դուռը, գոնե առժամանակ, փակել են: Այնպես որ, Մամեդյարովի ջանքերը իզուր են, իսկ եթե բեկում են ցանկանում, թող նախ կատարեն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սահմանային վերահսկողության շուրջ:




Լրահոս