Աղվան Հովսեփյանն այս անգամ և՞ս կաջակցի իր հովանավորյալին. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Ապարանի ՀՀԿ գրասենյակն Ապարանի քաղաքապետի թեկնածու, արդեն երկար տարիներ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գոռ Աբրահամյանից պահանջել է իր նախընտրական շտաբը հանել կուսակցության գրասենյակի տարածքից։ Աբրահամյանը, որի թեկնածությունն առաջադրել ու սատարում է ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը, այժմ վարձակալել է հարևանությամբ գտնվող տարածքը։ Թե ինչո՞ւ է կուսակցությունը նման պահանջ ներկայացրել Գոռ Աբրահամյանին, ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ խնդիրը կուսակցության գործունեությունն ապահովելն է։ «Մեր գրասենյակը պետք է իր նորմալ կուսակցական գործունեությունը վարի, իսկ թեկնածուներն ազատ են իրենք իրենց գրասենյակը տեղադրելու ՝ որտեղ օրենքը թույլ է տալիս»,– ասաց Ռ.Թադևոսյանը։

Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր մրցակիցն էր բողոքել, թե իբր կուսակցության գրասենյակում իրավունք չկա շտաբ տեղադրելու, կամ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն թեկնածուների համար։ Աբրահամյանի խոսքով՝ իրենց զբաղեցրած նոր տարածքն անհատ ձեռնարկատիրոջ է պատկանում։ Նա հերքեց, որ այն «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական կազմակերպության տարածքն է. ««Նիգ-Ապարանի» տարածքի բանալին էլ է մեզ մոտ, կարող ենք բացել, բայց, չէ, մասնավոր ԱՁ-ի տարածք է»,- ասաց նա։

Հարցին, թե նախորդ ընտրություններում «Նիգ-Ապարանը»՝ ի դեմս պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի, աջակցել է Գոռ Աբրահամյանին, արդյոք այս անգա՞մ էլ է աջակցելու իրեն, Աբրահամյանը պատասխանեց. «Աղվան Հովսեփյանը արձակուրդում է, թող իր հանգիստը նորմալ անցկացնի, նա Հայաստանում չի, որ գա կանգնի իմ կողքին։ «Նիգ-Ապարանի» մյուս անդամներն իմ ընկերներն են, իհարկե, ինձ կաջակցեն, իմ կարծիքով։ Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս