Չնայած շրջանառվող լուրերին, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր նախորդի նման կառավարության անդամներին հրահանգել է չհեռանալ հետնամուտքով եւ պատշաճ կերպով պատասխանել լրագրողների հարցերին, երեկ տեղի ունեցած կառավարության նիստից հետո մի շարք նախարարներ հեռացան հետնամուտքով` փորձելով զերծ մնալ լրագրողների եւ քաղաքացիների «գրոհներից»: Չնայած նրանց «փախուստի» փորձերին՝ «Ժողովուրդ»-ը հետամուտ եղավ եւ անձամբ նրանցից ստացավ այս օրերին առավել հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի մեկնաբանությունները մեր հարցերի առնչությամբ հստակ չէին, բայց լակոնիկ էին: Կարծես սեպտեմբերի 17-ի կառավարության նիստում լակոնիկ խոսելու մասին վարչապետի հորդորից տիկին նախարարը հետեւություններ է արել:
-Տիկի՛ն նախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով Ձեր ընկերուհին է, միջնորդել է՝ նոր ձեւավորվող կառավարությունում Ձեզ ընդգրկելու համար:
-Գիտեք ինչ կա, ինձ ուղղեք այն հարցերը, որոնք ինձ են վերաբերում:
-Բայց չէ՞ որ խոսքը հենց Ձեր մասին է, Ձեր վերանշանակման:
-Եթե Դուք խոսակցություններով եք առաջնորդվում, ես շատ ուրախ եմ:
-Եթե խոսակցություններով առաջնորդվեինք, ապա Ձեզանից չէինք փորձի լուրի իսկությունը ճշտել:
-Ճշտեք այն մարդկանցից, ովքեր Ձեզ նման բան են ասել:
Ըստ էության, Հասմիկ Պողոսյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց մեր տեղեկությունը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն էլ, ի պատասխան մեր այն հարցին, թե ինչո՞ւ է ուշանում իր վերանշանակումը, ժպտաց: Նրա տրամադրությունից կարելի էր ենթադրել, որ նորանշանակ վարչապետի հետ իր «հարցերը լուծված են»:
Վահագն Հակոբյան