Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը պայմանավորված էր իշխանության որդեգրած նոր քաղաքականությամբ: Այդ փոփոխությունը պայմանավորված է նոր մոտեցումների, նոր պահանջների, նոր փիլիսոփայության հանգամանքներով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնից ազատմանը, նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք փոփոխությունը պայմանավորված էր նրանով, որ Սուրիկ Խաչատրյանն այլևս չէր համապատասխանում նոր մոտեցումներին, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Համապատասխանել չհամապատասխանելու խնդիրը չէ: Կարիք կա նոր թարմ արյան, նոր թարմ աշխատանքի, որի մասին հանրապետության Նախագահը խոսել է դեռևս փետրվարի 12-ին: Փոխվել է ոչ միայն Սուրիկ Խաչատրյանը: Կադրային լուրջ, ռադիկալ փոփոխություններ ևս եղել են կառավարությունում, դրանք կլինեն, փոփոխություններ են սպասվում ՀՀԿ ղեկավար մարմնում, գործադիր մարմնում: Չեմ բացառում, որ այստեղ էլ փոփոխություններ լինեն»:
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Սյունիքի մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը: