Ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի գերակայությունն է. Հերմինե Նաղդալյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ում մեկնարկած աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ընթացիկ հաշվետվության ձևաչափում հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների գործընթացը:

Հայաստանի պետական և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար սահմանադրական բարեփոխումները դիտարկելով որպես հույժ կարևոր իրադարձություն ՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ դրանց արդյունքում բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ իրականացվեցին կառավարման մոդելում, ուժերի հավասարակշռության, ինքնակառավարման, դատաիրավական և օրենքի գերակայության ոլորտներում:

Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է, որ Սահմանադրական փոփոխությունների մշակման ողջ գործընթացը զարգացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ.
,,Մեզ համար կարևոր է, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ լինեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքների հետ և համապատասխանեն ժամանակակից եվրոպական չափանիշներին: Հանձնաժողովի բոլոր առաջարկությունները ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից,,,- նշել է տիկին Նաղդալյանը՝ վստահեցնելով , որ այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա ավելի բաց, թափանցիկ , ճկուն և քաղաքական ընդդիմության դիրքորոշմանն առավել արձագանքող:

Անդրադառնալով Ընտրական օրենսգիրքի քննարկումներին՝ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այն ընթացել է համատեղ ձևաչափով՝ իշխող կոալիցիայի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, այսպես կոչված՝ «4 + 4 + 4» ձևաչափով.
,,Նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարգացավ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի միջև համագործակցության ոգով: Հայաստանի իշխանությունները միտված են կոնսենսուս կառուցել երկրի առջև ծառացած կարևորագույն հարցերի շուրջ ՝ մեկ գերագույն նպատակով՝ ապահովել և բարձրացնել ժողովրդի վստահությունը,,,-իր խոսքում ընդգծել է տիկին Նաղդալյանը:

Այս համատեքստում Ընտրական օրենսգրքի քննարկումները ԱԺ փոխնախագահը համարել է բացառիկ համագործակցություն՝ ուղղված գալիք ընտրությունների համար կայուն և հուսալի հիմք ստեղծելուն.

,, Ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի գերակայությունն է: Եվ դրանց պատշաճ ընթացքն ու լեգիտիմությունը շատ ավելի կարևոր են, քան արդյունքները,,,- իր ելույթում նշել է Հերմինե Նաղդալյանը՝ հույս հայտնելով, որ ժողովրդավարության ուղին ընտրած հայ ժողովուրդը այս բարեփոխումների շնորհիվ ունենալու է հասարակություն, որտեղ ապագա սերունդները կապրեն խաղաղության և կայունության մեջ:

Համեմատություն կատարելով Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերջին հանրաքվեի հետ` Հերմինե Նաղդալյանը նշել է, որ այն Վենետիկի հանձնաժողովի լուրջ մտահոգությունն է առաջացրել, քանզի հանձնաժողովն ամբողջովին դուրս է մնացել փոփոխությունների մշակման գործընթացից, և ընդգծել, որ ավտորիտար վարչակարգերին բնորոշ` այս հանրաքվեն կոչված էր պաշտպանելու Ալիևների տոհմի հավերժ իշխանությունը:
,,Տարածաշրջանի երկրների Ժողովրդավարական բարեփոխումները խաղաղության եւ անվտանգության ամենահուսալի ճանապարհն են: Եթե այս սկզբունքները ընդունվեին մեր որոշ հարևանների կողմից, մենք կունենայինք այլ իրականություն,,,- ելույթը եզրափակել է ԱԺ փոխնախագահը:




Լրահոս