Զինված ուժերի պատրաստության 2016թ. պլանի համաձայն` 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հենքի վրա հոկտեմբերի 10-14-ը անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ:
Զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտակական գործողություններին ներգրավված ստորաբաժանումներն առաջադրված խնդիրներն իրականացրել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում:
Զորավարժության ընթացքում խաղարկվել են նաև շարք մարտավարական կարևորության, ստորաբաժանումների մարտի վարման ունակությունների, փոխգործակցելիության բարձրացման, կրակային խոցման փորձարարական և հետազոտական նոր դրվագներ:
Գնդային զորավարժության նպատակներն էին ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգումը, պաշտպանական և հակահարձակողական գործողությունների վարման ընթացքում ստորաբաժանումների մարտական ներդաշնակման, անձնակազմի դաշտային վարժվածության և բարդ պայմաններում գործելու ունակությունների կատարելագործումը:
Զորավարժության ընթացքում կատարելագործվել են նաև ստորաբաժանումների հրամանատարների հմտությունները պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման, հակագրոհի կազմակերպման ու կրակի կառավարման ուղղությամբ:
Ամփոփելով և վելուծելով զորավարժության արդյունքները` բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն արձանագրել է, որ առաջադրված և զորավարժության պլանով նախատեսված բոլոր խնդիրներն իրականացվել են հաջողությամբ և ներգրավված ստորաբաժանումներն ունեն մարտունակության բարձր աստիճան: