«Օրենքով գող» Զախարի Կալաշովը (առավել հայտնի որպես Շաքրո Մոլոդոյ) ստացված դրամական միջոցները բաշխել է Ռուսաստանի հանցավոր հանրության բոլոր մասնակիցների միջև: Այս մասին, ինչպես հայտնում է RT-ն, ասվում է քրեական գործի նյութերում:
«Կալաշովը՝ որպես Ռուսաստանի հանցավոր հանրության ղեկավար, նշանակել և վերահսկել է ենթակա կառուցվածքային միավորների ղեկավարներին: Նա բոլոր մասնակիցների մեջ է բաշխել ապօրինաբար ստացված դրամական միջոցներն ու այլ սեփականություն»,-ասվում է քրեական գործի նյութերի տեքստում:
63-ամյա Շաքրո Մոլոդոյին քննչական մարմինները կասկածում են Elements ռեստորանի սեփականատիրոջից խոշոր գումարի շորթելու մեջ: 2015թ. դեկտեմբերի 14-ին ռեստորանի մոտակայքում աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել՝ փոխհրաձգությամբ և մարդկանց մահով: