ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում

Հետաքրքիր է՝ ինչ է փորձում համոզել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին: Համենայն դեպս, հաշվի առնելով Ա. Մանուկյանի ընդունած դեմքի արտահայտությունը՝ կարելի է հասկանալ, որ նրան այնքան էլ դուր չեն եկել զրուցակցի պնդումները:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կենսաբանական ակտիվ հավելումներ արտահանելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում վերջիններիս արտահանումը ՀՀ-ից:

Գայանե Մխոյան (51 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մխոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի՝ անվտանգության սերտիֆիկատի առկայության դեպքում:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ներմուծման եւ արտահանման դեպքում բեռն ուղեկցող անվտանգության փաստաթղթերը ծառայության սահմանային հսկիչ կետում փոխարինվում են ՀՀ-ում բեռի փոխադրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրված համապատասխան ուղեկցող փաստաթղթերով: Տարանցիկ փոխադրման դեպքում բեռն ուղեկցող անվտանգության փաստաթղթերը ծառայության սահմանային հսկիչ կետում չեն փոխարինվում, բեռն ուղեկցում են տարանցիկ փոխադրման ամբողջ ընթացքում:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` անձը կարո՞ղ է փոխել ընտրված ֆոնդը եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին: Եվ խնդրում եմ ասեք, թե ո՞ւմ կողմից է վերահսկվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի գործունեությունը:

Մարիաննա Սեդրակյան (42 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մասնակիցը կարող է փոխել պարտադիր կենսաթոշակային ֆոնդը եւ ֆոնդի կառավարչին կամ ցանկացած պահի ընտրել նոր ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ՝ հետագա նպատակային սոցիալական վճարներն ուղղելով այդ ֆոնդին: Մասնակիցները 2014 թվականի ընթացքում չեն կարող փոխել կենսաթոշակային ֆոնդը եւ կառավարչին:
2015 թվականից սկսած, տարին մեկ անգամ՝ անվճար, դրանից հետո՝ որոշակի վճարի դիմաց (որը չի կարող գերազանցել գումարի տեղափոխման հետ կապված ծախսերը), մասնակիցը կարող է ցանկացած պահի փոխել ֆոնդը եւ կառավարչին: Նույն կառավարչի մոտ ֆոնդերի փոփոխությունն անվճար է եւ առանց սահմանափակումների:
Տեղեկացնում ենք նաեւ, որ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի գործունեությունը կարգավորում եւ վերահսկում է ՀՀ Կենտրոնական բանկը: Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է հրապարակել, ինչպես նաեւ իր ինտերնետային կայքում տեղադրել ընկերության ֆինանսական հաշվետվությունները եւ աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Ի դեպ, ՀՀ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջներ: Նշենք, որ մասնակցի կենսաթոշակային հաշվում հաշվառված կենսաթոշակային ֆոնդերի փայերը համարվում են մասնակցի անձնական սեփականությունը:




Լրահոս