Արման Թաթոյանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ չհայտարարված այց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավորապես՝ «Հայաստանի մանկական ասոցիացիա», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ անկախ փորձագետների հետ իրականացրել է չհայտարարված, մոնիթորինգային այց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այցի մասնակից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներն են:

Պաշտպանն այցի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող անչափահաս եւ կին կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին: Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաեւ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաեւ այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները: Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն:

Այցի շրջանակներում Արման Թաթոյանը հանդիպել է նաեւ քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմին եւ քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման այլ վայրեր կրելու են պարբերական բնույթ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս