Թրամփը սարսափի է մատնել ոչ միայն ընտրողներին, այլև քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մնացել են հաշված օրեր, եւ բնական է, որ ամեն անցնող օրվա հետ ընտրարշավն էլ ավելի պիտի թեժանա: Իրենց յուրօրինակությամբ աչքի ընկած այս ընտրությունների վերջին փուլն էլ է խոստանում լինել խիստ տարօրինակ` ԱՄՆ-ի պետական համակարգին պատուհասող լրջագույն վտանգների հեռանկարով: Խնդիրն այն է, որ պատմության մեջ թերեւս եզակիորեն հիմնական թեկնածուներից մեկը կանխավ հայտարարում է ընտրությունների կեղծման հավանականության մասին:

Դեռ ամիսներ առաջ հպանցիկ անդրադառնալով ընտրությունների կեղծմանը` Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հրապարակավ իր թերահավատությունն էր արտահայտել ընտրությունների արդարության շուրջ: Վերջին օրերին, երբ մի շարք ԶԼՄ-ներ շարունակաբար հրապարակում են հարցումների արդյունքները, որոնցով Թրամփը 5-10 տոկոսով զիջում է իր հիմնական մրցակցին, Հանրապետական թեկնածուի բառապաշարը զգալիորեն կոշտացել է: Բավականին հիմնավոր է հնչում այն կարծիքը, որ Թրամփն իր անխուսափելի պարտության համար ցանկանում է հող նախապատրաստել: Գործարար-թեկնածուն նկատում է, որ տարածված հարցումներով իբր ինքը կորցրել է կանանց աջակցությունը վերջին օրերին դաժանորեն թմբկահարվող սկանդալների պատճառով: Թրամփը պնդում է, որ հնարովի բոլոր ասեկոսեները տարածվում են միայն մեկ նպատակով` ընտրությունները կեղծելու ու դրանց լեգիտիմություն հաղորդելու համար:

Նախընտրական վերջին հանրահավաքներում քանիցս բարձրաձայնելով ընտրությունների հնարավոր կեղծման մասին` Թրամփը սարսափի է մատնել ոչ միայն ընտրողներին, այլեւ քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին: ԱՄՆ-ի կառավարող վերնախավը լուրջ մտահոգություն ունի, որ նոյեմբերի 8-ին պարտվելով` Թրամփը կարող է հանրահավաքներ հրավիրել եւ կասկածի տակ դնել ընտրության արդյունքը: Հանրապետական սենատոր Սթիվ Իսրայելը շեշտում էր. «Մարդիկ վտանգավոր բաներ են անում, երբ վտանգավոր առաջնորդները խորը զայրույթ են բորբոքում»:

Այլեւս ակնհայտ է, որ Թրամփի հռետորաբանությունը ոչ միայն կուսակցական պայքարում արձանագրեց իր տխրահռչակ արդյունքները, այլեւ վերածվում է ռումբի` տեղադրված ամերիկյան քաղաքական-կառավարման համակարգի ակունքներում: Հիշատակելի է, օրինակ, 2000թ. Ֆլորիդայի նահանգի քվեարկությունը, որը վճռորոշ էր եղել նախագահական ընտրությունների ելքի համար, ԱՄՆ Գերագույն դատարանում բողոքարկվել էր Քլինթոնի փոխնախագահ եւ նախագահի թեկնածու Ալ Գորի կողմից: Սակայն Գերագույն դատարանի որոշումը, որով Ջորջ Բուշն էր համարվում ընտրված նախագահ, ստիպեց Գորին ընդունելու ընտրության արդյունքն ու ճանաչելու նոր նախագահի լեգիտիմությունը:
Եթե Հիլարի Քլինթոնը հաղթում է, իսկ Թրամփը չի ընդունում ընտրությունների արդյունքները` կասկած հայտնելով կեղծիքների առնչությամբ, պարզ է, թե նոր նախագահն ինչպիսի ծանրագույն բեռ է վաստակելու: Կասկածից վեր է, որ նման քայլը հարվածելու է տասնամյակների ընթացքում ձեւավորված ավանդույթների հիմքերին ու ամերիկյան ժողովրդավարության բացառիկությանը: Նման քայլից հետո ԱՄՆ նոր կառավարությունը անխուսափելիորեն բախվելու է լեգիտիմության ճգնաժամին ճիշտ այնպես, ինչպես ամերիկյան աջակցությամբ պահպանվող բազմաթիվ բռնապետություններ կամ կիսաժողովրդավարությունները:

ԱՄՆ-ն պատմության ընթացքում առաջին անգամ կարող է հանդիպել մի աննախադեպ իրավիճակի, երբ իր գործադիր իշխանության ղեկավարի ընտրությունը որակվելու է կեղծված կամ առնվազն անարդար: Հատկանշական է, որ բազմաթիվ երկրներում կեղծված ընտրություններով ձեւավորված իշխանությունների հետ ԱՄՆ կառավարությունը ջերմեռանդորեն համագործակցում է` դրանց լեգիտիմության բացակայությունն օգտագործելով որպես դամոկլյան սուր եւ խաղարկելով հօգուտ իր ազգային շահերին: Այսօր արդեն ԱՄՆ-ի լարած թակարդը խոստանում է գերել պաշտոնական Վաշինգտոնին:

Շատերը կհիշեն, թե ինչպես էին ամերիկյան դիվանագետներն արտահայտվում Հայաստանի՝ 2008թ. նախագահական ընտրությունների մասին: «Վիկիլիքսի» շնորհիվ հանրության ուշադրությանը արժանացած դիվանագիտական գաղտնի փաստաթղթերում ամերիկյան պաշտոնյաները անթաքույց արձանագրում էին, որ Սերժ Սարգսյանը իրականում չէր ընտրվել ՀՀ նախագահ, նրա հիմնական մրցակից Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես հրապարակված տվյալներից կրկնակի ավել ձայն էր ստացել եւ այլն: ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն էլ նույնիսկ պնդում էր, որ Մարտի 1-ի ոճրագործության ողջ պատասխանատվությունն իշխանության վրա է:

Բայց մի՞թե այսպիսի ծանր հանցանքների մեջ ՀՀ իշխանություններին մեղադրելուց հետո ԱՄՆ կառավարությունը փորձեց գործնականորեն նպաստել Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը: Իհարկե` ոչ: ԱՄՆ կառավարությունը, անշուշտ, հիմնված սեփական շահերի վրա, նախընտրեց գործակցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Այդ համագործակցության արդյունքներից մեկն էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տապալված փորձն էր:
Եվ, ահա, այժմ ԱՄՆ-ն կանգնել է նույնպիսի խնդրի առաջ, երբ նախագահի լեգիտիմության բացակայությունը կարող է ոչ միայն խնդիրներ առաջացնել երկրի ներսում, այլեւ հատկապես արտաքին հարաբերություններում: Ելնելով աշխարհաքաղաքական ներկայիս իրադրությունից եւ սպասվող անխուսափելի մարտահրավերներից, հանձին արեւմուտք-ՌԴ հակասությունների նոր շրջափուլի, ԱՄՆ կառավարության լեգիտիմության դեֆիցիտը առանց չափազանցության կարող է ունենալ համաշխարհային հետեւանքներ:

Հուսով ենք, որ Քլինթոնի շրջապատը կգիտակցի պահի լրջությունը եւ կլանային կապերը չի օգտագործի ցանկալի արդյունքին հասնելու համար: Դրա հետ մեկտեղ Թրամփն էլ պետք է վեր դասի անձնական հավակնությունները պետական շահից` հասկանալով, որ ընտրությունների կեղծման պարագայում իր հանրահավաքներն ու ըմբոստությունը ոչ միայն թուլացնելու են ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դիրքերը, այլեւ նախանշելու են համաշխարհային նոր լարվածության եւ նույնիսկ քաոսի ուղի:

Ն. Հովսեփյան

 




Լրահոս