ԶՈՎՈՒՆԻՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՀՈՂ Է ՎԱՃԱՌՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղում դժգոհությունների նոր ալիք է հասունանում: Բանն այն է, որ Զովունիի գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը, որը նոյեմբերի 12-ին պետք է վայր դնի գյուղապետի լիազորությունները, աճուրդի է հանել գյուղի համար կարեւոր նշանակություն ունեցող հողակտորներ: Դա խիստ մտահոգել է հոկտեմբերի 2-ին Զովունիի գյուղապետի պաշտոնում ընտրված Վրույր Սիմոնյանին ու նրա կողմնակիցներին:

Հոկտեմբերի 2-ին Զովունի գյուղում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում գյուղապետ ընտրվեց Վրույր Սիմոնյանը, իսկ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը պարտվեց: Վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանում է նոյեմբերի 12-ին: Հոկտեմբերի 2-ին Զովունիում տեղի ունեցավ ոչ միայն համայնքի ղեկավարի, այլեւ ավագանու ընտրություններ: Համայնքի ավագանու անդամ ընտրված Վարդգես Սիմոնյանն ու Գոռ Հայրապետյանը «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը աճուրդի է հանել ոչ միայն գյուղի որոշ հողակտորներ, այլեւ գյուղապետարանի ծառայողական ավտոմեքենան:
«Հոկտեմբերի 31-ին աճուրդ կար, որի ժամանակ վաճառվեցին գյուղապետարանի կողմից աճուրդի հանված երեք բնակավայրային հողակտոր: Մենք այդ մասով ոչինչ չձեռնարկեցինք, քանի որ դրանք փոքր հողակտորներ էին: Ամբողջ խնդիրն այն է, որ ինքը դեռ գյուղապետի լիազորությունների մեջ է ու հենց իմացավ, որ նոյեմբերի 12-ին հրաժարական է տալու, սկսել է աճուրդի հանել գյուղի ունեցվածքը, հողակտորները»,- ներկայացրեց Վարդգես Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է գյուղապետարանի ծառայողական ավտոմեքենայի աճուրդին, այն կայանալու է վաղը. վաճառքի է հանվել գյուղապետարանի՝ 2008 թվականի արտադրության «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Նշենք նաեւ, որ գյուղապետարանի ծառայողական այս ավտոմեքենայից օգտվել է ոչ միայն գյուղապետը, այլեւ գյուղապետարանի աշխատակիցները: Դրա շահագործման համար գյուղապետարանի բյուջեից հատկացվել է գումար ե՛ւ ավտոպահեստամասերի, ե՛ւ բենզինի համար: Ըստ համայնքի ավագանու անդամ Գոռ Հայրապետյանի՝ ավտոմեքենան պիտանի է շահագործման եւ երբեւէ ոչ մի խնդիր չի ունեցել:
Իսկ, ահա, նոյեմբերի 10-ին կայանալու է գյուղի վարչական տարածքում գտնվող մոտ 7 հա հողատարածքի աճուրդը, որի մեկնարկային գինը սկսում է 27.5 մլն դրամից: «Այդ 7 հա-ի մեջ կան գյուղատնտեսական նշանակության հողեր, վարելահողեր, արոտավայրեր, նաեւ բնակավայրային, որոնք նախատեսված են մարդկանց որպես սեփականություն տրամադրելու համար: Ըստ Վ. Սիմոնյանի՝ հողատարածքները շուկայականից մի քանի անգամ էժան գնով են աճուրդի հանվել: «Դրանք այնպիսի հողեր են, որոնք թանկ արժեն, բայց գյուղապետը դրել եւ կադաստրային արժեքի կես գնով է վաճառում: Մենք խիստ անհանգստացած ենք ու մտահոգված այս խնդրով: Եւ պահանջում ենք, որպեսզի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ուշադրություն դարձնի այս խնդրին»,-նկատեց ավագանու անդամ Սիմոնյանը:
«Ժողովուրդ»-ը Զովունիի գյուղապետ ընտրված Վրույր Սիմոնյանից տեղեկացավ, որ գյուղի բնակիչների մեծ մասը իրենց երեխաներին ստիպված տանում են Դավիթաշենի մանկապարտեզներ, քանի որ գյուղի մանկապարտեզի շենքի մեծ մասը նախկին գյուղապետը վերածել է սգո եւ հանդիսությունների սրահի: «Ինչպես եք պատկերացնում՝ ով կտանի նման մանկապարտեզ իր երեխային: Էլ չեմ խոսում մանկապարտեզի խաղահրապարակի մի հատված հողակտորի մասին, որը աճուրդի է հանվել: Մանկապարտեզի շենքի մի մասը վարձակալության է տվել՝ տարեկան 140 հազար դրամով»,- հայտարարեց նորընտիր գյուղապետ Սիմոնյանը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի հետ, սակայն վերջինս լսելով հարցը՝ անմիջապես հայտարարեց, որ ինքը միայն կատարել է համայնքի ավագանու կայացրած որոշումը: «Գյուղապետը պարտավոր է ավագանու որոշումները կատարել: Մեր գյուղացիները վարձակալական տարածքներ ունեն, իրենք գիտեն՝ ինչ մարդ է ընտրվել գյուղապետ, դիմել են ավագանուն, որ նախօրոք իրենց հետ գործ չունենան եւ իրենց տարածքները չվերցնեն»,- արդարացավ գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը:
Սակայն հոկտեմբերի 2-ին համայնքի ավագանու անդամ ընտրված Վարդգես Սիմոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հողատարածքները օտարելու մասին որոշում համայնքի ավագանին ընդունել է դեռեւս այս տարվա հունիսին: Եւ հիմա իր համար առնվազն կասկածելի է, թե ինչու է գյուղապետը որոշել ավագանու՝ հունիսին ընդունած որոշումը իր լիազորությունները դադարեցնելուց օրեր առաջ իրագործել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՄԱՄԲ
Արյունաբանական կենտրոնի բացմանը մնացել են հաշված օրեր: Այս տարվա օգոստոսի վերջի փոխարեն Երեւանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բացումը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին: Արյունաբանական նոր կենտրոնում կտեղակայվի ոսկրածուծի փոխպատվաստման տարածաշրջանում առաջին ծառայությունը երեխաների եւ մեծահասակերի համար: Մասնագիտացված կենտրոնի ստեղծմամբ՝ հիվանդներն այսուհետեւ ստիպված չեն լինի մեկնել արտերկիր ժամանակակից ախտորոշում եւ բուժում ստանալու համար: Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը հոկտեմբերի 6-ին կենտրոն կատարած այցի ընթացքում հանձնարարել է մշակել հետագա զարգացման ծրագիր: Կենտրոնի հնարավորությունների արդյունավետ օգտագործման նպատակով զարգացման ծրագիրը, մեր ունեցած տեղեկություններով, առաջնահերթ ենթադրում է, այսպես ասած, «բիզնես պրոյեկտ», որից կախված կլինի կենտրոնի հետագա պետական ֆինանսավորման նպատակահարմարությունն ու մեխանիզմները: Այս հանձնարարականը ներքին անհանգստություններ է առաջացրել կենտրոնի տնօրինության եւ աշխատակիցների շրջանում: Անհրաժեշտ հաշվարկներն ու առաջարկներն անելու նպատակով անգամ հրավիրվել է մարկետոլոգ: Փաստացի ստացվում է, որ առողջապահական համակարգում վարվող նոր բժշկական հաստատությունները պետության կողմից հնարավորինս քիչ ֆինանսավորելու քաղաքականությունը տարածվելու է նաեւ նման կարեւոր նշանակության կենտրոնի վրա:
Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլն անդրադարձել է բժշկական տարբեր հիմնարկների ղեկավարների մտահոգություններին, որոնք վերաբերում էին պետպատվերի բաշխման գործընթացում իրենց հասանելիք «համեղ պատառը» կորցնելուն:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս