Նոյեմբերի 8-9-ը Ստոկհոլմում կայացավ Բալթիկ ծովի տարածաշրջանում ԵՄ ռազմավարության ամենամյա 7-րդ ֆորումը, որի շրջանակներում տեղի ունեցավ «Սեռային հավասարության կարևորությունը» քաղաքական սեմինարը` նվիրված կայուն զարգացման համար կանանց հավասար իրավունքներին և հասարակական-քաղաքական կյանքում նրանց ակտիվ ներգրավվածության խնդիրներին: Սեմանիրում ընթացող քննարկումները վերաբերում էին նաև Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրներին:
Սեմինարի բանախոսներն էին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի ԱԳՆ ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպան Աննա Վեստերհոլմը, Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Էսաբել Դինգիզյանը, Օվանոկերի քաղաքապետ, ԵՄ ռեգիոնների հանձնախմբի անդամ Յումի Ռենստրյոմը:
Իր խոսքում դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ հասարակական կայուն զարգացման համար կանանց ակտիվ ներգրավվածության խնդիրներին, Հայաստանում սեռային հավասարության վիճակին, առկա մարտահրավերներին, ներկայացրեց Հայաստանի փորձը: Դեսպանը նաև կարևորեց կանանց իրավունքների ծրագրերի իրականացումը և այդ խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությունը եվրոպական ողջ տարածաշրջանում` ներառյալ նաև հակամարտության գոտիներում: Մյուս բանախոսներն անդրադարձան նաևայդ ուղղությամբ շվեդական առաջատար փորձին։
Սեմինարին, որպես Արևելյան գործընկերության երկրների համար օրինակելի փորձ, ներկայացվեց «Վիննետ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությունը։
Տեղեկանք. «Վիննետ Հայաստանը» 2016թ. ֆինանսական և կազմակերպչական աջակցություն է ստացել Շվեդիայի կառավարության միջազգային աջակցության շրջանակներում և նոյեմբերի երկրորդ կեսին Երևանում կազմակերպելու է տարածաշրջանային համաժողով` «Վիննետ Հայաստանի» փորձը Արևելյան գործընկերության երկրներում տարածելու նպատակով: