Տեւական ժամանակ է` Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Գրիգորի Հակոբյանը (խաղացած ներկայացումներից են` «Ավագ որդին» (Վասինկա), «Անտիգոնե» (Հեմոն), «Տերն ու ծառան» (Սարո), «Ճառ ասենք, թե…» (Պույ-պույ), «Հրաշագործ սրինգը» (Հովիկ) եւ այլն), որը հայտնի է նաեւ մի շարք հեռուստահաղորդումներից, սերիալներից եւ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆլիմից, էկրաններին չի երեւում:
Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երկու տարի է` բնակվում է ԱՄՆ-ում. «Ընտանիքս ավելի վաղ էր տեղափոխվել նահանգներ: Չեմ կարող ժխտել, որ ԱՄՆ-ն լայն հնարավորությունների երկիր է: Այստեղ ես զբաղվում եմ տարբեր գործերով` չմոռանալով մասնագիտությանս մասին:
Պարբերաբար կազմակերպում եմ տարբեր միջոցառումներ, օրինակ` մի քանի ամերիկաբնակ դերասան-ընկերների հետ աշխատում ենք մանկական ներկայացման վրա, որը կոչվում է «Մաշայի ամանորյա արկածները»: Այն հանդիսատեսի դատին կհանձնվի դեկտեմբերի 17-ին եւ 18-ին` Գլենդելի «ARTN» թատրոնում: Ներկայացման մեջ ընդգրկված են Արմեն Գեւորգյանը, Գոհար Կարապետյանը, Լիանա Պետրոսյանը (այս երեքի հետ մի քանի տարի աշխատել ենք Պատանի հանդիսատեսի թատրոնում), Նարեկ Ներսիսյանը, Աննա Նուրիջանյանը, Լուսինե Ուրֆալյանը եւ ես»:
Հարցին, թե արդյոք պատրաստվում է մոտ ապագայում այցելել հայրենիք, Գրիգորին պատասխանեց. «Դեռ չգիտեմ` երբ կգամ, ժամանակի սղության խնդիր ունեմ, բայց ցանկությունս մեծ է, հուսով եմ` շուտով այն կիրականացնեմ»:
Դերասանը նաեւ տեղեկացրեց, որ հնարավոր է` մի քանի հայ դերասաններով ԱՄՆ-ում խաղացանկային թատրոն հիմնեն. «Նշյալ խմբով մենք արդեն իսկ թատրոն ենք, կարծում եմ` կկարողանանք նոր ներկայացումներ կյանքի կոչել, կունենանք կայուն խաղացանկ, Լոս Անջելեսի հայ համայնքն էլ (կամ գոնե դրա մի մասը) կդառնա մեր մշտական հանդիսատեսը»:
Գրիգորին հավելեց, որ հեռուստանախագծեր ստեղծելու նպատակներ էլ ունի, սակայն դեռ վաղ համարեց այդ մասին խոսել:
Աննա Բաբաջանյան