«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ԼՂՀ պաշտպանության բանակը մի քանի հաղորդագրություն տարածեց սահմանին տիրող իրավիճակի մասին: Ինչպես հայտնի է` Ադրբեջանում երեկվանից մեկնարկել են զորավարժություններ, որոնց ընթացքում հակառակորդը սադրիչ գործողությունների է դիմել` արկակոծության ենթարկելով անգամ որոշ գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Այսպես՝ ԼՂՀ ՊԲ-ի հաղորդմամբ` երեկ՝ ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծել է առաջնագծի հյուսիսարեւելյան (Թալիշ եւ Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվել Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:
Այս գործողությունները շարունակվել են մինչեւ 15:30-ը: Այդ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 37 արկ: Բացի ականանետային հարվածներից՝ շփման գծի արեւելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Ապա իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել:
Արդյոք սա հենց այն ակտիվությունն է, որի մասին դեռեւս նոյեմբերի 6-ին կանխատեսում էր «Պահեստազորի սպաների համահայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Ավետիսյանը` կոչ անելով կամավորական ջոկատների հրամանատարներին մոբիլիզացնել ուժերը` Ադրբեջանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու համար: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Գործողություններ չեն, այլ խախտումներ են, պարզապես կրակում են: Եթե համեմատենք, ապա կտեսնենք, որ շատ ավելի քիչ են քանակական առումով խախտումները, քան եղել են երկու-երեք տարի առաջ: Թշնամին մեծ կորուստներ է կրել ապրիլյան պատերազմի ժամանակ, չի կարողացել իր ոչնչացման հանցավոր ծրագիրն իրականացնել, եւ շատ դժվար է լինելու նրան ապաքինվել»:
Հ.Գ. Երեկ` երեկոյան կողմ, ՀՀ ԱԳՆ դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահին եւ ողջ միջազգային հանրությանը՝ կոչ անելով խստագույնս դատապարտել Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունը եւ գործուն միջոցներ ձեռնարկել՝ լարվածության հետագա սրացում թույլ չտալու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: