ՀԱՐՑ. Ես ունեմ ԱՁ, մտադիր եմ այն հաշվառումից հանել: Խնդրում եմ ասեք՝ ինչ ժամկետ է նախատեսված հաշվառումից հանելու գործընթացի համար:
Միքայել Մնացականյան (53 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ներառված է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում: Նման դեպքում գործակալությունը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, հարցում է ուղարկում հանձնաժողովին տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցման հիման վրա գործակալությունը անհատ ձեռնարկատիրոջը հանում է հաշվառումից կամ մերժում է այն՝ հիմք ընդունելով հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը:
Ընդ որում, վերոնշյալ տեղեկանքը անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվելու դեպքում հարցում կատարելու անհրաժեշտությունը վերանում է:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից: