11 ֆուտբոլային իրադարձություն, որով կհիշենք 2016 թվականը. ՄԱՍ I. (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ Մամուլի քարտուղարությունն սկսում է նոր շարք: Ամփոփելով 2016 թվականը, այսօրվանից սկսած, ՀՖՖ պաշտոնական կայքում Ձեր ուշադրությանը կներկայացնենք իրադարձություններ, որոնք մեր կարծիքով ամենակարևորն են եղել հայկական ֆուտբոլի համար անցնող տարում: Իրադարձությունները կդասակարգենք ոչ թե ըստ կարևորության, ինչը կարող է սուբյեկտիվ լինել, այլ ըստ ժամանակագրության: Ընդհանուր առմամբ առանձնացրել ենք ֆուտբոլային առումով խորհրդանշական՝ թվով 11 իրադարձություն: Եվ այսպես, սկսեցինք:

1. Կայացավ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը 

2016 թ. մարտի 25-ին տեղի ունեցավ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝0:0 հաշվով: Օրվա կարևորագույն իրադարձությունն այն էր, որ այդ հանդիպումը դարձավ վերջինը մեր երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով:

Ռոման Բերեզովսկին, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում 1996-2016 թթ. անցկացրել էր 93 հանդիպում, ավարտեց կարիերան Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Բերեզովսկին դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմում, իսկ 8-րդ րոպեին նրան փոխարինեց Արսեն Բեգլարյանը: Մարզադաշտը երկար ծափողջյուններով ճանապարհեց լեգենդար դարպասապահին:

Հանդիպման ընդմիջմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ռոման Բերեզովսկուն նվիրեց Toyota Prado Land Cruiser մակնիշի ավտոմեքենա, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռոման Բերեզովսկուն պարգևատրեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:




Լրահոս