Խորհրդարանում ներկայացված ուժերից միայն «Ժառանգություն» կուսակցությունն է, որն այդպես էլ որոշում չի կայացրել առաջիկա ԱԺ ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, «Ժառանգությունը» որպես առանձին միավոր չմասնակցի խորհրդարանական ընտրություններին, փոխարենը այս կուսակցության հայտնի անդամները ներկայացված լինեն տարբեր կուսակցությունների ու դաշինքների ցուցակներում:
«Ժառանգությունում» ստեղծված իրավիճակն ամենեւին էլ պատահական չէ: Այս կուսակցությունում, ըստ էության, բարձիթողի վիճակ է. մի քանի օրից կսկսվեն ԱԺ ընտրությունների առաջադրումները, մինչ այդ, տեւական ժամանակ է` տարբեր քաղաքական ուժերի միջեւ ընթանում են բանակցություններ, իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ընթացքում ԱՄՆ-ում էր: Նա Հայաստան է վերադարձել միայն երեկ. մասնակցում էր քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի դատին:
Իսկ մինչ այդ «Ժառանգություն» կուսակցության անդամներից յուրաքանչյուրը փորձում է իր «գլխի ճարը տեսնել»:
«Ժառանգություն» կուսակցության հայտնի անդամներից մի քանիսը բանակցում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ նրանց ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ: Ի դեպ, ԱԴԿ-ն չի ցանկանում դե յուրե դաշինք կազմել, եւ այդ մասին նրանք հայտարարել են պարբերաբար: Փոխարենը ԱԴԿ-ն ցանկանում է իր կուսակցության ցուցակում միավորել համագործակցության պատրաստ քաղաքական ուժերի ու անհատների, քանի որ ընտրություններին այսպես մասնակցելու դեպքում իրենք ստիպված են լինելու հաղթահարել 5 տոկոսի, իսկ դաշինքի դեպքում` 7 տոկոսի շեմը: Հիմա ԱԴԿ-ն ակտիվ բանակցությունների մեջ է «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանի եւ Անահիտ Բախշյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Ա. Բախշյանի հետ արդեն ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, եւ նա երեկ հայտարարել է «Ժառանգությունը» լքելու մասին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԴԿ-ն առանձին քննարկումների մեջ է նաեւ «Ժառանգության» նախկին անդամ Ստեփան Սաֆարյանի հետ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեւական ժամանակ է` բանակցում է Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվելիք դաշինքին միանալու շուրջ, որին հավանաբար մաս կազմեն նաեւ Վարդան Օսկանյանի «Համախմբում» եւ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցությունները: Պատահական չէ, որ իր հարցազրույցներով Մարտիրոսյանը փորձում է 2008-ի մարտի 1-ի խարանից մաքրել այդ օրերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին` հայտարարելով, որ նա կապ չի ունեցել մարտի 1-ի սպանդի հետ:
Արմեն Մարտիրոսյանին ցանկանում են իրենց շարքերում տեսնել նաեւ «Ելք» դաշինքի անդամները. վերջերս այդ դաշինքի մաս կազմող ՔՊ կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը բաց նամակ էր հրապարակել` Մարտիրոսյանին կոչ անելով հեռու մնալ Օսկանյանից եւ ակնարկելով. «Դու բնականաբար ազատ ես որոշելու՝ Օսկանյանի կողքին ես, թե քո հին տեղում՝ իմ եւ մյուս ընկերների կողքին»։ Բայց ինքը` Մարտիրոսյանը, հակված չէ նրանց հետ համագործակցելու եւ ավելի շատ իրեն տեսնում է Օհանյան-Օսկանյան տանդեմում: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը եւս հանդիպել է Օհանյանի ու Օսկանյանի հետ. երեկ այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում, բայց եւ նշել, որ վերջնական որոշում դեռ չեն կայացրել: Ավելին՝ Հովհաննիսյանը փորձել է նաեւ արդարացնել Օհանյանի` պաշտոնավարման տարիներին կատարած արարքները՝ ասելով, որ թեեւ նա եղել է պաշտպանության նախարար, բայց նրանից վերեւ կա նաեւ գլխավոր-գերագույն հրամանատար: «Մարդը փոփոխական է, ապրում է սահմանափակ տարիներ: Ամեն մեկն ունի իր մեղքը: Եվ այս ընտրությունը մենք պետք է միասին դարձնենք այդ հնարավորությունը, որ ամեն մեկը դեմ հանդիման գա իր հետագծին, գնահատենք մարդկանց ծառայությունը հերոսական սահմանի վրա, թե պետական կառավարման մեջ: Բայց նաեւ տարանջատենք ընտրակեղծիք հրահանգողներին ստիպված իրականացնողներից»,- ասել է նա: Ինչ վերաբերում է այս ընտրություններին առհասարակ «Ժառանգության» մասնակցությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Խորհրդակցություններ ենք անցկացնում բոլոր բոլորի հետ եւ մեր որոշումն առաջիկա օրերի ընթացքում կհրապարակենք… «Ժառանգությունը» պետք է որոշի` այս շրջանում առանձին գնալ, գնալ դաշինքով, գնալ այլ եղանակով… Ամեն ինչ հնարավոր է. կարող է եւ չմասնակցենք»: Կուսակցության ներսում տարաձայնությունների մասին հարցին էլ նա ասել է. «Լիքը-լիքը, եւ դրանք եղել են միշտ»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՀԷԿ-ԵՐԸ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ընտանիքը ապրում եւ գոյատեւում է ոչ միայն նախարարի ստացած աշխատավարձով, այլեւ ՀԷԿ-երից ստացած գումարով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Քարվաճառում ՀԷԿ ունի, որի տնօրինման աշխատանքներով զբաղվում է իր քրոջ որդին՝ Հակոբը: Դ. Լոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց ՀԷԿ ունենալու փաստը` ասելով, որ ինքը Քարվաճառում գտնվող ՀԷԿ-ի միայն 5 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: Իսկ Դավիթ Լոքյանի երիտասարդ որդին՝ Սերգեյ Լոքյանը, «Այուդի-Լոս» եւ «Սեւադալ ՀԷԿ» ընկերությունների հիմնադիրն է: Նշենք, որ Քարինջ գյուղից ոչ հեռու` Իքատակ կոչվող հանդամասում, Մարցիգետին է միանում Սառնաղբյուր վտակը, որից սնվում է փոքր ՀԷԿ: Այն պաշտոնապես շահագործում է «Այուդի-Լոս»-ը: Հավելենք, որ ՀԷԿ-երը մեր երկրում գերշահույթ ապահովող բիզնեսի ճյուղերից մեկն են:
ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2016թ. նոյեմբերին տեղեկացրել էր, որ հայտնաբերվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի դեմ հարուցված քրեական գործով 7 ամիս շարունակ հետախուզման մեջ գտնվողներից 48-ամյա Արթուր Մովսիսյանը: «Ժողովուրդ»-ին Մովսիսյանի հայտնաբերման վերաբերյալ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես նա հայտնաբերվել է ՌԴ-ում եւ առ այսօր գտնվում է ռուս իրավապահների հսկողության տակ: Նախատեսված է, որ արդեն առաջիկայում նա կտեղափոխվի Հայաստան: Ի դեպ, Մովսիսյանը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ՌԴ-ում անձնագրի հետ կապված խնդիր է ունեցել եւ դիմել անձնագրային բաժին, եւ այստեղ էլ պարզել են, որ նա ՀՀ իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ: Ամենայն հավանականությամբ նա տեղյակ չի եղել, որ ՀՀ-ում իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին կիմանան նաեւ ՌԴ իրավապահներն ու կձերբակալեն նրան:
ԱՌԱՆՑ ՆԱԽԱՐԱՐ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը մինչեւ խորհրդարանական ընտրությունները կմնա թափուր: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երկարատեւ ծանր հիվանդությունից հետո 2016թ. դեկտեմբերին վախճանվեց, եւ հիմա նախարարի պարտականությունները դրված են փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի վրա: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ այս ընթացքում նախարարի հավանական թեկնածուներն իրենք էլ են հասկանում, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտում, այդ թվում՝ կառավարության կազմում, հնարավոր են լուրջ փոփոխություններ, հետեւաբար անիմաստ է երկու-երեք ամսով նախարար աշխատելը: Նույն աղբյուրների փոխանցմամբ այս իրավիճակը նաեւ Սերժ Սարգսյանի սրտով է, որը չի ձգտում արագ համալրել այս պաշտոնը:
40 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ քննարկում: Ներկայացվել է մինչեւ 2025 թվականը շուկայի պահանջներին բավարարող ՏՀՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման, բուհերի կարողությունների զարգացման, այդ թվում անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության ապահովման, ՏՀՏ ոլորտի ընկերությունների խթանման առարկայական նախագծերի փաթեթ: Նախատեսվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է մինչեւ 2025 թ.-ը ՀՀ-ում ստեղծել 40 հազար ինժեներական աշխատատեղ, հայաստանյան ՏՀՏ ոլորտ ներգրավել ոչ միայն սփյուռքահայ, այլ նաեւ արտերկրի բարձրակարգ մասնագետների:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ» ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
«Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է Բախշյանին անդամակցել ԼՀ-ին, սակայն Բախշյանը չի ընդունել առաջարկը, քանի որ արդեն իսկ բանակցում է «Ազատ դեմոկրատների» հետ:
ԲՈԼՈՐԻ ՀԵՏ
««Ժառանգություն»-ը քննարկումներ է անցկացնում բոլոր բոլորի հետ, առաջիկայում կհրապարակենք արդյունքները»: Այս մասին երեկ հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կուսակցությունում միշտ էլ խնդիրներ եղել են: Նրա խոսքով` պատեհ չէ հետաքրքրվել կուսակցության լուծարման մասին: «Կարող եմ ներկա դրությամբ ասել, որ կուսակցությունը շատ կարեւոր փորձաշրջանի մեջ է»,- նշել է նա: Դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը Սեյրան Օհանյանին, Վարդան Օսկանյանին մարտի 1-ի մեղավորներ է համարում, Հովհաննիսյանը արձագանքել է. «Ամեն մեկն ունի իր տեսակետը: Ես էլ միայն հասա մարտի 2-ին, համարեք նաեւ ինձ մեղսակից, որ ներկա չէի: Մեղսակից էին բոլոր նախագահները, բոլոր նրանք, ովքեր կրակեցին»: Անդրադառնալով կուսակցության բանակցություններին այլ քաղաքական ուժերի հետ՝ Ր. Հովհաննիսյանն ասել է.«Այսօր խոսել ենք թե՛ Սեյրան Օհանյանի, թե՛ Արամ Սարգսյանի հետ»:
ԻՐԱՎԱԶՈՐ ԵՆ
Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի եւ առաջիկա անելիքների վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ սահմանված ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանը ներկայացված «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներից բացի՝ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը, որի գրանցման աշխատանքները ներկայումս գտնվում են ավարտական փուլում: Եռամսյա պարբերականությամբ ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվություն պետք է ներկայացվի:
ՑԱՎԱԿՑԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեիին՝ Բիշքեկի մերձակայքում՝ բնակելի հատվածում, օդանավի վայր ընկնելու հետեւանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:
ՆՈՐ ԱՆԴԱՄ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վահե Բալայանը նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի):