ԴԱՀԿ-ն վաճառում է հայտնի նկարչի գործերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել երիտասարդ հայտնի նկարիչ Արմեն (Ռոնով) Մկրտչյանի 2 ստեղծագործությունները:

Նշենք, որ 46-ամյա Արմեն (Ռոնով) Մկրտչյանը Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ է, Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության, Կինեմատոգրաֆիստների կոնֆեդերացիայի անդամ: 1986-ին ավարտել է Երեւանի Հ. Կոջոյանի անվան քանդակագործության եւ գեղանկարչության դպրոցը, 1996-ին՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Ի դեպ, վերջինս 1999-ին «Ահա կույսը արգանդում» վավերագրական-հեղինակային ֆիլմով մուտք է գործել կինո` որպես նկարիչ, ռեժիսոր եւ սցենարիստ: Սակայն հայտնի նկարչի երկու ստեղծագորությունները՝ «Ամալֆեա այծը», եւ «Մոնաս-Միապետություն» նկարները հայտնվել են ԴԱՀԿ-ի ձեռքում, ինչն էլ գերատեսչությունը հանել է վաճառքի:

Օրինակ՝ «Ամալֆեա այծը» նկարը ստեղծվել է 2014 թվականին, Հայաստանում: Հեղինակն անդրադարձել է հունական դիցաբանության մեջ հայտնի Ամալֆեա այծին: Այն ունի գեղարվեստական նշանակություն, նյութը՝ խառը տեխնիկա է, կոլաժ, չափերը՝ 76․5*57սմ է, ապակեպատ է, պլաստիկ շրջանակով, գտնվում է բավարար վիճակում: Այս նկարի մեկնարկային գինը կազմում է 525 հազար դրամ, չունի գնային առաջարկ եւ գտնվում է Երեւանում: Իսկ «Մոնաս-Միապետություն» նկարը ստեղծվել է 2004-2005 թվականներին Իտալիայի Միլան քաղաքում: Այն հեղինակային գրաֆիկական մեկնաբանությունն է Մոնաս-Մոնադա փիլիսոփայական հասկացության, ունի գեղարվեստական նշանակություն, նյութը թուղթ է, տուշ, թանաք: Նկարի չափերը 65*50սմ է, ապակեպատ է, փայտյա շրջանակով, գտնվում է բավարար վիճակում: Նշված նկարի մեկնարկային գինը կազմում է 375 հազար դրամ:

Ամփոփելով սա՝ նկատենք, որ ԴԱՀԿ-ն բնակարանների, ավտոմեքենաների աճուրդային գործարքներից բացի՝ զբաղվում է նաեւ գեղարվեստական գործերի վաճառքով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս