ՖՈՏՈ. Վահագ Ռաշը կներկայացնի «Վարդը» երգի իր տարբերակը, կթողարկի իր առաջին ձայնասկավառակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, երաժիշտ, գործիքավորող Վահագ Ռաշը (Վահագն Ռուշանյան), ով հաճախ երգեր է գրում հայ հայտնի բանաստեղծների խոսքերի հիման վրա եւ կատարում է հանրության կողմից արդեն ճանաչված եւ սիրված երգեր` նորովի մատուցմամբ, կրկին անակնկալներ է պատրաստում իր հանդիսատեսի համար: Նա մինչեւ այս ամսվա վերջ կներկայացնի «Հայուհի գեղեցիկ» երգը (երաժշտությունը` Ս. Ջրբաշյանի, խոսքերը` Ա. Գրաշիի)` նոր գործիքավորմամբ. «Պահպանելով մեղեդին` երգը կմատուցեմ կիթառների մեղմ նվագակցությամբ»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Վահագը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է գործիքավորել հայտնի «Վարդը» երգը (խոսք` Գյոթեի, թարգմանությունը` Հովհաննես Թումանյանի, երաժշտությունը` Ռոմանոս Մելիքյանի): Բացի այդ` Վահագը ծրագրում է ներկայացնել իր հերթական հեղինակային երգը, որի խոսքերի հեղինակը Տաթեւ Ոսկանյանն է:
Երգիչը, շարունակելով պատմել առաջիկայի իր ծրագրերի մասին, նշեց, որ հավանաբար մայիսին պատրաստ կլինի իր` թվով առաջին ձայնասկավառակը. «Ալբոմում կներառվի շուրջ 17 երգ, մեծ մասամբ իմ հեղինակային գործերը, ինչպես նաեւ` հայտնի երգեր` նորովի մատուցմամբ: Ձայնասկավառակը կկոչեմ, ըստ իս, հանրության կողմից ամենասիրված երգերիցս մեկի անունով` «Ես կգամ»»,-մանրամասնեց Վահագը:

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ երկար ժամանակ երգարվեստում գործունեություն ծավալելով` նոր միայն որոշել է ալբոմ թողարկել, երգիչը պատասխանեց. «Չեմ կարծում, որ պետք է շտապել, ես ալբոմը բիզնես նպատակով չեմ թողարկում»: Նա նաեւ հավելեց, որ փետրվարին սպասվում է իր մենահամերգը` ակումբային տարբերակով: Վահագը պլանավորում է նաեւ հանդես գալ տեսահոլովակով, իսկ ժամկետը կախված է ֆինանսական գործոնից:

Աննա Բաբաջանյան




Լրահոս