Չնայած որ նախընտրական քարոզարշավի մեկնարկին հաշված օրեր են մնացել, սակայն այս օրերին հանրությանը քաղաքական վերադասավորումներից շատ հուզում են նոր ցրտաշունչ ցիկլոնները, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ Հaյաստանի՝ ջեռուցման կարոտ բնակավայրերից: Իսկ ահա մայրաքաղաք Երեւանում բնակիչներին հուզում է այն հարցը, թե ինչու է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իր անմիջական պարտականությունների իրականացումը թողած, ամբողջովին տրվել է նախընտրական մրցավազքին՝ այդ ընթացքում իսպառ աչքաթող անելով Երեւանի փողոցների մաքրման աշխատանքները: Այսօր Տարոն Մարգարյանի ղեկավարած «ավելի բարեկարգ Երեւանի» փողոցներով քայլելն ուղղակի վտանգավոր է կյանքի համար: Ընդ որում, խոսքը ոչ միայն քաղաքի ծայրամասերի կամ բակային հատվածների, այլեւ հենց կենտրոնական փողոցների մասին է:
Համատարած սառած փողոցներ եւ մայթեր, ծառերից եւ շենքերի տանիքներից կախված հսկայական սառցակույտեր, որոնք ամեն պահի կարող են վտանգել քաղաքացիների կյանքը, սառը, չջեռուցվող հանրային տրանսպորտ, որոնցով քաղաքացիները երթեւեկում են բառացիորեն դողալով ոչ միայն ցրտից, այլեւ հաճախ սառած ճանապարհներին վթարի ենթարկվելու վտանգից: Այս ամենը, թվում է, պետք է որ բավարար պատճառ լիներ, որպեսզի որեւէ քաղաքի ղեկավար, այն էլ իր համար կրկնակի նախընտրական տարում, օրուգիշեր աշխատեր: Տարոն Մարգարյանի համար, ինչպես գիտենք, կարեւոր են ոչ միայն եւ ոչ այնքան այս ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, այլեւ մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները: Այսինքն՝ այս օրերին մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին վնասվածքաբանների պոտենցիալ հաճախորդի կարգավիճակում պահող քաղաքապետն ընդամենը չորս ամսից խնդրելու է նույն երեւանցիների քվեն: Հետաքրքիր է՝ ինչ երեսով:
Ակնհայտ է, որ Երեւանի քաղաապետի պաշտոնում վերընտրվելու հնարավորությունը Տարոն Մարգարյանը կապում է բացառապես Սերժ Սարգսյանի եւ ոչ ամենեւին՝ երեւանցիների կամքի հետ: Դրա համար էլ իր ունեցած բոլոր ռեսուրսները ծառայեցնում է ոչ թե քաղաքի, այլ հարազատ կուսակցության խնդիրների լուծմանն ու Սերժ Սարգսյանի հրահանգների իրագործմանը: Փողոցները մաքրելու փոխարեն՝ նա զբաղված է Էրեբունու թաղապետին աշխատանքից հեռացնելու քաղաքական հրահանգը կյանքի կոչելով, հանրային տրանսպորտը կարգի բերելու փոխարեն՝ սեփական աներձագի նախընտրական շտաբների ձեւավորմամբ կամ մերձավորներին ՀՀԿ խորհրդի կազմում ընդգրկելով: Հիրավի, սիրուն չէ, Տարո՛ն: Ոչ միայն սիրուն չէ, այլեւ տգեղ է, շատ տգեղ: