Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը գործընկերների մոտ շոկ է առաջացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդականությունն անակնկալ էր. չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի անունը նաեւ դաշինքի անվան մաս է, եւ ասվել էր, որ նա լինելու է ընտրացուցակում 2-րդը, սակայն պարզվեց` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի անունը 11-րդ հորիզոնականում է:

Փոխարենը դաշինքի երկրորդ հորիզոնականում գրված է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի անունը: Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդ հորիզոնականում է ընդգրկվել իր ցանկությամբ. «11-րդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետեւ համոզված է, որ այդ հորիզոնականը եւս անցողիկ է: Դա իր նախընտրած տեղն է»,-ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյո՞ք Հովհաննիսյանը մտադրություն ունի խորհրդարանական ընտրություններից հետո կրկին մեկնել ԱՄՆ եւ բնակվել այնտեղ, ու որոշել է 11-րդում լինել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ո՛չ, ո՛չ, ու՞ր գնա, մնալու է, դա վաղուցվա հեքիաթներ են»:

Մինչ այդ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները, թե ինքը ուզում է ցուցակում երկրորդը չլինել եւ տեղը զիջում է Արմեն Մարտիրոսյանին, գործընկերների մոտ պարզապես շոկ է առաջացրել, եւ նրանք դժգոհել են, որ համագործակցության փաստաթուղթ ստորագրելուց մի քանի օր չանցած արդեն խախտվում են պայմանավորվածությունները, այլապես ինչ իմաստ ուներ դաշինքի անվան մեջ Րաֆֆիի անունը գրելը:

Այս թեմայի շուրջ դաշինքի ներսում երեկ վիճաբանություն է ընթացել, և կրքերն այնքան են թեժացել, որ անգամ առաջարկ է եղել համագործակցությունը դադարեցնելու եւ ԿԸՀ ընտրացուցակները չտանելու վերաբերյալ: Բայց, այնուամենայնիվ, որոշվել է գնալ ընտրությունների, թեկուզ և այս տեսքով:




Լրահոս