Ովքեր են 8-ամյա կրթությամբ փոխմարզպետի հովանավորները, և ինչու է նա լքել ՀՀԿ-ն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս Շիրակի մարզն ունեցավ երրորդ փոխմարզպետը. այդ պաշտոնում նշանակվել է Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը: 8-ամյա կրթություն ունեցող փոխմարզպետին այդ պաշտոնում նշանակելու հարցում մեծ դերակատարություն ունեն Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարագյանը Կարապետյանի՝ «Հայռուսգազարդ»-ի տնօրեն եղած ժամանակ աշխատել է այդ համակարգում որպես Շիրակի մարզի ԳԳՄ տնօրեն:

Ամենաուշագրավը, սակայն, մեկ այլ հանգամանք է. Վարագյանը լքել է ՀՀԿ-ն՝ անդամակցելով ՀՅԴ-ին, ավելին՝ ՀՅԴ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրելով Շիրակի մարզում: Պարզվում է՝ 59 տարեկան հասակում նոր միայն Վարագյանը հասկացել է, որ ՀՅԴ գաղափարախոսությունն իր համար ավելի հոգեհարազատ է, քան ՀՀԿ-ինը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու եք դուրս եկել ՀՀԿ-ից, նա ասել է. «Ոչ մի պատճառ չկա, հարազա՛տս»: Իսկ հարցին՝ միգուցե կուսակցության գաղափարախոսությունն է իրեն դուր եկել, նա ասել է. «Սա ավելի հարազատ է»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս