Ընտրական նոր օրենսգրքի առաջին ծիլերը երևացին երեկ: Այն, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները նման խնդիրներ կարող էր ստեղծել, խոսվում էր դեռ վաղուց: Ռեյտինգային համակարգի էությունն էլ հենց այն է, որ նույն կուսակցության թեկնածուները միևնույն ընտրատարածքում պայքարելու են միմյանց դեմ` փորձելով ձայներ ապահովել ոչ միայն իրենց, այլ առաջին հերթին կուսակցության համար: Չնայած, շատ ձայներ ապահովելն ամենևին էլ չի նշանակում, որ տվյալ անձը կարող է հայտնվել խորհրդարանում:
Ընդգծենք, որ ի սկզբանե ՀՀԿ-ում պայմանավորվածություն է գործում, որ թեկնածուները չպետք է խանգարեն միմյանց, այսպես ասած, չպետք է իրարից ձայներ խլեն: Սակայն այս պայմանավորվածության առաջին խախտողը եղավ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ում հիմնական մրցակիցը թիվ 1 ընտրատարածքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:
Եթե այս դեպքում ամեն ինչ թերևս ավարտվել է առանց ծեծկռտուքի և լուրջ միջադեպերի, ապա երեկվա դեպքը բոլորովին այլ էր: Ինչպես հայտնի է` Մասիսում երեկ միջադեպ տեղի ունեցավ ՀՀԿ-ական երկու թեկնածուներ` Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև:
Այս միջադեպը կարող ենք համարել ներկուսակցական պայքարի վառ դրսևորումներից մեկը: Ամենևին էլ չի բացառվում, որ հետագայում ևս նման , կամ միգուցե ավելի վատ դեպքերի ականատես լինենք, քանի որ ՀՀԿ-ի ներսում լավագույնի կոչմանն արժանանալու պայքարն ավելի է թեժանում և, որն իր պիկին կհասնի հենց նախընտրական քարոզչության շրջանում:
Այնպես որ նախընտրական քարոզչության շրջանն ամենևին էլ հանգիստ և անաղմուկ չի լինելու, սակայն ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ պայքարը նաև ներկուսակցական է լինելու:
Նաիրա Հովհաննիսյան