Ի՞նչ համակարգային խնդիրներ է բարձրացրել ՀՀ գլխավոր դատախազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 8 ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակված Արթուր Դավթյանը մարտի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունում առաջին անգամ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կոլեգիայի նիստ անցկացրեց, որը բավականին թեժ ընթացք է ունեցել:

Թեեւ պաշտոնական հաղորդագրությունն այդ մասին ոչինչ չհայտնեց, միայն տեղեկացրին, որ նիստին մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Զեկույցով հանդես էր եկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանը, ով ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության գործունեությունը:

Արձանագրվել էր, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել դրական ցուցանիշների կայուն աճ: Անդրադարձ էր եղել նաեւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող հասարակական հնչեղություն ստացած քրեական գործերին:

ՀՀ դատախազությունում անցկացված կոլեգիայի նիստի մասին «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ ՀՀ գլխավոր դատախազը բարձրաձայնել է մի շարք համակարգային խնդիրներ, որոնք գոյացել են հատկապես իրավապահ մարմինների ներկայացուցիչների ոչ արդյունավետ աշխատանքի հետեւանքով: Մասնավորապես Արթուր Դավթյանը բարձրաձայնել է, որ նախաքննության փուլում քննիչները ապացույցները լավ չեն հետազոտում, ինչը հետագայում իրենց մի շարք խնդիրների առաջ է կանգնեցնում:

Մասնավորապես Արթուր Դավթյանին մտահոգել է նաեւ այն փաստը, ով պետք է պատասխան տա, երբ մի շարք քրեական գործեր գնում են դատարան, եւ արդարացման վճիռներ են հրապարակվում: Նա ստեղծված իրավիճակում տեսել է նաեւ դատախազների թերացման խնդիրը եւ նշել, որ նմանօրինակ թերացման ու բացթողման դեպքում ներում չի լինելու եւ անարդյունավետ աշխատանքի համար դատախազների պատասխանատվության հարցը եւս բարձրացվելու է:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ընտրությունների ընթացքում իրավապահ մարմինների հնարավոր միջամտությանը: ՀՀ գլխավոր դատախազը հորդորել է գործել օրենքի տառին համապատասխան, մոռանալ բարեկամ-ծանոթ կարգավիճակը եւ գործը կոծկելու հնարավոր դրսեւորումներ ցուցաբերելը: Ըստ նրա՝ նմանօրինակ դեպքերը անպատիժ չեն մնալու:

Քնար Մանուկյան




Լրահոս