Մարտի 14-ին Ջրառատ համայնքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներին երեկ հրավիրել էին ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործով տուժող Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հարցրել են՝ արդյո՞ք նրանց վախեցրել են, որ չբողոքեն:
Ինչպես հայտնի է՝ մարտի 12-ին Արմավիր մարզի Ջրառատ համայնքում ծեծկռտուք էր եղել համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան-Րաֆֆ-Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո հիվանդանոց էր տեղափոխվել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը: Այդ միջադեպն ունեցավ իր շարունակությունը. արդեն մարտի 14-ին արձանագրվեց նոր միջադեպ, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանն այլ անձանց հետ ծեծի ենթարկեց Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահաս Արայիկ Մելքոնյանին՝ արձակելով նաեւ կրակոցներ, որոնց արդյունքում Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվեց թեթեւ վնաս, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահասին՝ միջին ծանրության վնաս:
Կատարվածի արդյունքում հարուցված քրեական գործով Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով), եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) Վերջինս կալանավորված է:
Սակայն մարտի 16-ին դեպքերը զարգացան միանգամայն այլ ուղղությամբ: Բանն այն է, որ հիվանդանոց տեղափոխված Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, հայտարարել էր, թե ինքը հանդիպել է Լյովա Երանոսյանի հետ, խոսել են, հասկացել են իրար եւ հաշտվել: Այս հայտարարությունից հետո երեկ նախաքննական մարմինն առաջին անգամ տուժողներին կանչել էր հարցաքննության:
Մեզ հետ զրույցում գործով տուժած Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ասաց, որ ՀՀ քննչական կոմիտե էր գնացել կնոջ հետ. «Ասեցինք, որ մենք ոչ մի բողոք չունենք, բոլորս էլ կհաշտվենք: Մեռելատունն իրար հետ ենք, հարսանիքի տեղը իրար հետ ենք, թաղի մեջ իրար հետ ենք: Կա՛մ մեկս պետք է քոչի այստեղից գնա, կա՛մ հաշտվենք: Այսպես ասեցինք, բողոք չունենք, մնացածը իրավապահները արդեն գիտեն, թե իրենց գործին ինչ ընթացք կտան: Մենք մի գյուղում ենք ապրում, եւ այս ամենը չկանգնեցնելը արդեն շատ վատ բան կլիներ: Եթե մեծերն այս ամենի վերջը չտային, բանը կհասներ ջահելների թշնամանքին, ու այս ամենը պետք է կանգնեցնել: Ու գիտեք, ամեն ինչ մի ստից խոսակցությունից էր սկսվել ու դարձել էր մի կաթիլ մեղրի պատմություն»:
Ու թեեւ Մանվել Մելքոնյանը բողոք չունի եւ հաշտվել է փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հետ, սակայն ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նաեւ ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով եւ այս մեղադրանքով կալանավորված է Տիգրան Սարգսյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանվել Մելքոնյանը, անդրադառնալով այս հանգամանքին, ասաց. «Բան կա, որ մեզանից կախված չէ, օրինակ՝ զենքի պահը, ոնց ես կարող եմ իրենց ասել՝ կարճե՛ք կամ շուտափութ մի բան արե՛ք, դա իրավապահների գործն է, իրենք… չգիտեմ: Մենք Տիգրան Սարգսյանի դեմ էլ բողոք չունենք, թե ինչ պայմաններում է հայտնվել այնտեղ, ոնց է այդ զենքը ճարել, գաղափար չունեմ, իր հետ անգամ պրոբլեմ էլ չենք ունեցել»:
Ի դեպ, Մանվել Մելքոնյանն ասաց, որ քննիչներն իրենց հարց են տվել՝ արդյո՞ք նրանց վախեցրել են, որ այսօր հայտնում են, թե բողոք չունեն եւ հաշտվել են. «Մենք որ վախեցող լինեինք, այդ տեղին չէինք հասնի, որ վախեցող լինեինք, գլուխներս կկախեինք, եւ ոչ մի միջադեպ էլ չէր լինի»,- ընդգծեց Մելքոնյանը:
Նա անդրադարձավ նաեւ այն հրապարակումներին, թե իբր իրենց հրահրել է Լեռնային Ղարաբաղի պաշտանության նախկին նախարար Սամվել Բաբայանը. «Ամոթ է, չի կարելի մարդկանց դրդել արյունահեղության: Մենք Սամվել Բաբայանի հետ ոչ մի առնչություն չունենք, մենք Սամվել Բաբայանին հարգում ենք որպես Արցախի հերոս: Մամուլը գրում է, թե հրահրողը Սամվել Բաբայանն է, բայց մենք անգամ նրան չենք էլ ճանաչում, ո՛չ տեսել ենք, ո՛չ խոսել ենք, ուղղակի այդ մարդը դեպքերի առումով լրատվամիջոցների հետ խոսել էր, մենք իրեն լրատվամիջոցներով գիտենք»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲՈՒՀԻ ՌԵԿՏՈՐԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԵՂՔԸ
ԱԱԾ-ի կողմից բացահայտված ոչ պետական բուհերի 3 ռեկտորի կողմից կեղծ դիպլոմներ տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործերը հանգուցալուծվում են: «Ժողովուրդ»-ին հայտնի դաձավ, որ ռեկտորներից մեկի մասով արդեն իսկ կայացվել է դատավճիռ:
Այս տարվա հունվարի 13-ին ԱԱԾ-ն բացահայտել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց:
Իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանը: Պարզել էինք, որ նա 2016 թվականին հանդիպել էր բուհի` դեռեւս 2004թ. 4-րդ կուրսի ուսումնական 1-ին կիսամյակից դուրս մնացած ուսանող Գոռ Հովհաննիսյանի հետ: Վերջինս ռեկտոր Մկրտչյանին հայտնել էր, որ իրեն անհրաժեշտ է իրավաբանի պետական նմուշի դիպլոմ, սակայն չի կարող կամ ցանկություն չունի մասնակցելու դասընթացներին եւ քննություն տալ: Արդյունքում ռեկտոր Լաուրա Մկրտչյանը «փորձել է օգնել» Գոռին ստանալու դիպլոմը՝ առանց դասընթացներին մասնակցելու, ընթացիկ քննությունները, ստուգարքները եւ ավարտական պետական քննությունները հանձնելու: Եվ, բնականաբար, ռեկտորն իր համաձայնությունը հենց այնպես չի տվել, այլ, ըստ ԱԱԾ-ի մեղադրական եզրակացության, բուհի նախկին ուսանող Գոռ Հովհաննիսյանից պահանջել է մոտ մեկ միլիոն դրամ:
Արդյունքում բուհի ռեկտորին մեղադրանք էր առաջադրվել առեւտրային կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մաս) եւ առեւտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մաս) համար: Եվ ահա այս գործը փետրվարի 8-ին ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Տեղեկացանք, որ մինչեւ դատաքննությունը սկսելը ամբաստանյալ Լաուրա Մկրտչյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքներն իրեն պարզ են, համաձայն է մեղադրանքների հետ եւ առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչում լիովին:
Եւ ահա արագացված քննությունից հետո դատավոր Պետրոս Մակյանը մարտի 20-ին Լաուրա Մկրտչյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել՝ առեւտրային կամ այլ կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 2 տարի ժամկետով եւ տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 դրամի չափով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱՎՍԵ՞Լ ԵՆ
Երեկ կրկին վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը: ArmLur.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը: Նա ասել է, որ վիրավորներ չկան, եւ ամեն ինչ կարգին է: Նշենք, որ վթարը տեղի է ունեցել Իջեւանից Դիլիջան տանող ավտոճանապարհին, մեքենան վարել է վարորդը: Նախօրեին էլ, հիշեցնենք, Վարդենիսի ճանապարհին վթարի էր ենթարկվել Նիկոլ Փաշինյանի վարած մեքենան:
ՄԱՀԱՑԵԼ Է
Մոսկվայում 94 տարեկան հասակում մահացել է Սովետական Միության հերոս, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը: «Ստեփան Միկոյանի անունը մշտապես կմնա մեր հիշողության եւ ավիացիայի պատմության մեջ»,- ասվում է «ՄԻԳ» ինքնաթիռաշինարարական կորպորացիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ստեփան Միկոյանը՝ սովետական հայտնի պետական գործիչ Անաստաս Միկոյանի ավագ որդին, ծնվել է Թբիլիսիում, 1922թ. հուլիսի 12-ին: Նա Սովետական Միության Հերոսի կոչումը ստացել է 1975թ.:
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՍԿՍԵԼ
Սարի թաղի գործով անցնող Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը «Ազատությանը» փոխանցել է, որ իր ամուսինը երեկ հացադուլ է հայտարարել: Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանը հաստատել է այս լուրը: Ըստ կնոջ՝ ամուսինն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու պնդում է, որ ինքը ոստիկանին դիմադրություն ցույց չի տվել: «Ոչ մի ոստիկան չի տուժել, դատարանում իրեն ոչ մի ոստիկան չի ճանաչել: Նա իր գազի, լույսի ու ջրի համար էր փողոց դուրս եկել, այսօր կաշին ու ոսկորն է մնացել: Չարածի համար ինչպե՞ս 5-10 տարի դատապարտվի անազատության»,- ասել է Լ. Բերնեցյանը:
ՄԵԿԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Նախօրեին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին պաշտպանության նախարարության ՈՒՐԱԼ մակնիշի եւ Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաների բախման հետեւանքով վիրավորվածների վիճակի հետ կապված ArmLur.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած հինգ զինծառայողներից չորսի վիճակը լավ է, լուրջ վնասվածքներ չունեն: Նրանք Վարդենիսում են: «Հնարավոր է` այսօր դուրս գրվեն, քանի որ թեթեւ վնասվածքներ են ստացել: Մեկ հոգու խնդիրն է ծանր, գլխի վնասվածք է ստացել, տեղափոխել են Երեւան»,- մանրամասնել է Հովհաննիսյանը: ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակի խոսքով՝ զինծառայողի վիճակն այս պահին գնահատվում է ծանր:
350 ԿՐԱԿՈՑ
Մարտի 23-ին եւ լույս 24-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց: