ՄԵՐ 5 ԱՄԵՆԱՈՃԱՅԻՆ ԱՍՏՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ոճաբան Արայիկ Գաբաջյանից հետաքրքրվեց, թե նրա գնահատմամբ՝ ովքեր են հայկական շոու-բիզնեսի թոփ 5 ամենաոճային կին ներկայացուցիչները, որոնք հետեւում են նորաձեւության միտումներին, հստակ տարանջատում են բեմական, առօրյա, տոնական զգեստները եւ վերջապես կիրառում են իրենց անհատական մոտեցումները: Այսպիսով` ներկայացնում ենք ոճաբանի գնահատականները:

5-րդ հորիզոնական` երգչուհի Հռիփսիմե Հակոբյան
Հռիփսիմեն փորձում է ոճային լինել, այդ նպատակով օգտագործում է մի շարք հետաքրքիր էլեմենտներ, օրինակ` մեծ ականջօղեր, որոնք իրեն շատ են սազում: Եթե համեմատենք 7-8 տարի առաջվա ոճի հետ, Հռիփսիմեի կերպարանափոխությունը զգալի կլինի: Գովելի է, որ նա ձգտում է իր կազմվածքին համապատասխան դետալներ կիրառել:

4-րդ հորիզոնական` դերասանուհի Լուիզա Ներսիսյան
Լուիզան միշտ մոդայիկ է հագնվում: Թե՛ առօրյայում, թե՛ բեմում նա վիզուալ առումով ավելի բարձրահասակ է երեւում. դա գրագետ հագնվելու արդյունք է: Նրա հետ աշխատելու հնարավորություն մի քանի անգամ ունեցել եմ եւ զգացել եմ, որ գիտի` ինչը փակել եւ ինչը ցուցադրել, որ իր համար շահեկան լինի: Լուիզան մշտապես փորձում է ցուցադրել ոտքերը, ընդգծում է կոնքերը, մեջքը: Ինչ վերաբերում է դերասանուհու դիմահարդարմանը, որոշ դետալների հետ մի փոքր համաձայն չեմ: Ես իրեն խորհուրդ եմ տվել ավելի նուրբ, աչքի չընկնող դիմահարդարում անել, որովհետեւ նա ունի ընդգծված այտոսկրեր եւ հաստ շուրթեր, որոնք պետք չէ շատ ընդգծել: Եթե խոսելու լինենք բեմական հագուստի մասին, ապա, օրինակ, այն, ինչ նա կրում է մրցանակաբաշխությունների ժամանակ, ինձ դուր է գալիս, բայց, օրինակ, հագուստները, որոնցով նա հանդես է գալիս ֆիլմերում, կարող էին ավելի ներկայանալի լինել (այդ դեպքում արդեն որոշողն ինքը չէ, այլ ոճաբանը):

3-րդ հորիզոնական` «Վիցե միսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյան
Լուսինեն միշտ ներկայանում է կանացի կերպարով: Գուցե դա իր եւ դիզայներ Վահան Խաչատրյանի ճիշտ համագործակցության արդյունքն է: Նա գերազանցիկ աշակերտուհու նման հանդես է գալիս ճիշտ գույնի, չափի զգեստներով: Համաձայն չեմ Լուսինեի սանրվածքի հետ, որը տարիներ շարունակ չի փոխվում: Այդ առումով թեկուզ աննշան փոփոխությունները հետաքրքիր կնայվեին: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Լուսինեն դիմահարդարվում: Նա երբեք չի ընդգծում դեմքի որեւէ հատված, միշտ ցույց է տալիս այն, ինչ տվել է իրեն բնությունը:

2-րդ հորիզոնական` դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյան
Եթե Լուսինեի դեպքում սանրվածքի փոփոխություն չի նկատվում, Նազենիի պարագայում` ճիշտ հակառակը: Ես նրան միշտ տեսել եմ երկար վարսերով, սակայն դերասանուհին կարողանում է ամեն անգամ ներկայանալ նորովի. մեկ ազատ է արձակում մազերը, մեկ հավաքում է, տարբեր հետաքրքիր սանրվածքներ ստանում: Ինքն իրեն այնքան լավ է ճանաչում, որ կարող է ինքնուրույն հարդարել վարսերը: Առհասարակ, նա շատ է աշխատում իր կերպարի վրա: Նազենիի դիմահարդարման դեպքում մի փոքր խանգարում են ընդգծված շուրթերը: Բնական վիճակով նա շատ ավելի գեղեցիկ է: Շուրթերի ընդգծումը ավելորդ խնամվածության արդյունք է: Նազենին ունի մի առավելություն, որի մասին կերազեին շատ կանայք` ճակատը: Նաեւ ճակատի շնորհիվ է, որ նրան շատ սանրվածքներ են սազում: Նազենին ժամանակ առ ժամանակ չի խուսափում համարձակ կերպարներից, բայց գիտի` որտեղ դրանցով ներկայանալ:

1-ին հորիզոնական` երգչուհի Սիրուշո
Սիրուշոն, միանշանակ, գիտի ճիշտ հագնվել եւ ճիշտ ներկայանալ: Նա գիտի` ինչ հագնել ձայնասկավառակի շնորհանդեսին, եթե դա մոլերից մեկում է տեղի ունենալու, գիտի ինչպես ներկայանալ միջոցառմանը, եթե դա Օպերային դահլիճում է լինելու, ինչպես հանդես գալ, օրինակ, ֆաների հետ հանդիպմանը եւ այլն: Նույնիսկ նրա հրապարակած լուսանկարներից եւ տեսանյութերից կարող ենք հասկանալ, որ այս երգչուհին երբեք անխնամ որեւէ տեղ չի հայտնվում, իսկ եթե այնքան էլ պատրաստված չէ, կրում է ակնոց կամ գլխարկ: Սիրուշոն, ինչպես մեր մի շարք աստղեր, երբեք երեկոյան հագուստով չի գնա գործնական հանդիպման. կհագնվի դասական, բայց հարմարավետ: Ինչ վերաբերում է նրա դիմահարդարմանը, ապա երբեմն համաձայն չեմ մեյքափի հետ, որով նա հանդես է գալիս բեմում: Սիրուշոն ունի դեմքի իդեալական կառուցվածք եւ կարող է ավելի թույլ եւ նատուրալ դիմահարդարմամբ ներկայանալ: Առօրյայում, օրինակ, նա հենց այդպես էլ անում է: Երգչուհու դեմքի ամենագրավիչ մասը, ըստ իս, այտերի փոսիկներն են, որոնք կհալեցնեն նույնիսկ ամենաանտարբեր մարդու սիրտը:

 

 

 
«ՀԱՂԹՈՂԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՂՆ Է»

Այն բանից հետո, ինչ նախորդ շաբաթ հերթական գալա համերգի ժամանակ «Իքս ֆակտոր 4» երաժշտական նախագծից դուրս մնաց Դավիթ Չախալյանը (Շուշանիկ Արեւշատյանի խումբ), հանրության շրջանում չեն դադարում դժգոհությունները: Մի ստվար զանգված պնդում է, որ վոկալային եւ կատարողական բարձր տվյալներով այդ մասնակցին պարզապես չէր կարելի նախագծից դուրս թողնել: Սակայն հանդիսատեսի դժգոհությունն ու քվեարկության արդյունքները միմյանց չեն համապատասխանում. ամենաքիչ ձայները ստացել էր հենց Դավիթը:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Իքս ֆակտոր 1» երաժշտական մրցույթից հայտնի դարձած երգչուհի Սրբուհի Սարգսյանի հետ, ով եւս չէր հաղթել մրցույթում, սակայն մինչ օրս գործում է դաշտում եւ վայելում հանդիսատեսի համակրանքը. «Հաղթողը մրցույթից հետո գործունեությունը շարունակողն է: Դա է հաջողությունը, այլ ոչ թե հաղթող ճանաչվելն ու սպառվելը, ոչինչ չանելը: Ամեն բան կախված է մարդու տեսակից, նրա ձգտումներից, նպատակներին հասնելու ցանկությունից»,-շեշտեց Սրբուհին` հավելելով, որ մրցույթը պետք է դիտարկել որպես մի հարթակ, որը քեզ ճանաչում է բերում:
Անդրադառնալով Դավիթ Չախալյանի` նախագծից դուրս մնալու հանգամանքին, երգչուհին նկատեց. «Դավիթն իսկապես շատ լավ տվյալներով երգիչ է եւ մտահոգվելու խնդիր չունի, քանի որ հանդիսատեսն իրեն սիրել է, նա նույնիսկ հրավերներ ունի արտերկրից. սա արդեն իսկ հաղթանակ է»:
Սրբուհին, այնուամենայնիվ, նշեց, որ լավ կլինի` մասնակիցների երկրպագուները ոչ թե ցավան կամ ափսոսեն, այլ քվեարկեն. «Մարդիկ պետք է ավելի ակտիվ լինեն: Այլապես շատ անգամ հանդիսատեսը, հեռուստադիտողը հավանում է այս կամ այն մասնակցին, սոցցանցերում դրական կարծիքներ է գրում, սակայն երբ գալիս է քվեարկելու պահը, հապաղում է: Արդյունքում լավ ելույթ ունեցած մասնակիցը հայտնվում է վտանգավոր գոտում: Պետք է հիշել, որ ամեն ձայնը շար կարեւոր է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԿՈՄԻՏԱՍ ԿԿԱՏԱՐԻ
Ֆրանսիաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) Փարիզում կայանալիք Armenian Europe Music Awards Paris 2017-ի ընթացքում կկատարի Կոմիտաս եւ Կաչչինի: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ֆրանսիական հեղինակավոր «Զենիթ» համերգասրահում, մարտի 26¬ին: Օպերային երգիչը Ֆրանսիայի սրտում կայանալիք այս միջոցառումը պատմական եւ կարեւոր է համարում: «Մրցանակաբաշխությանը կմասնակցեն նաեւ Հայաստանից ժամանած երաժիշտներ: Համերգը կհամախմբի Ֆրանսիայում եւ հարեւան երկրներում ապրող բազմաթիվ հայերի, ինչպես նաեւ հայրենիքից ժամանած արտիստների»,-նշում է Բարրոն:

 

 

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Ամերիկյան Boston խմբից հայտնի հայազգի թմբկահար Ջոն «Սիբ» Հաշիանը համերգային շրջագայության ժամանակ մահացել է: Նա 67 տարեկան էր: People-ը տեղեկացնում է, որ խումբը Legends of Rock Cruise շրջագայությամբ Մայամի էր մեկնել նախորդ շաբաթ: Խումբն ավարտել էր նավով շրջագայությունը եւ կանգ առել Բահամյան կղզիներում եւ Պուերտո Ռիկոյում: Հայտնի չէ, թե Հաշիանի մահն ինչպես կանդրադառնա խմբի առաջիկա պլանների վրա:
Նշենք, որ երաժիշտը մասնակցել է Boston-ի առաջին երկու ձայնասկավառակների ձայնագրությանը: Հաշիանը հարվածային գործիքների պարտիան կատարել է այնպիսի հիթերում, ինչպիսիք են «More Than a Feeling»-ը, «Long Time»-ը եւ «Peace of Mind»-ը:

 

 

 

ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԸ` ՄՈՒԼՏՖԻԼՄՈՒՄ
Շուտով եթերում կհայտնվի Հարվի Վայնշտեյնի ընկերության արտադրության բազմասերիանոց մուլտֆիլմ, որի գլխավոր հերոսները կլինեն ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքի անդամները` Քանյեն, Քրիսը, Քլոեն, Քորթնին, Քենդալն ու Քայլին (բոլորը՝ բացառությամբ Քեյթլին Ջեների): TMZ-ը հայտնում է, որ մուլտֆիլմը կցուցադրվի լավագույն եթերաժամին, սակայն դեռեւս հայտնի չէ, թե որ հեռուստաալիքով: Հավանաբար Քարդաշյանները նախապատվությունը կտան այն ալիքին, որն ավելի շատ կվճարի: Մուլտֆիլմի դիտումը կարգելվի երեխաներին:




Լրահոս