Մոսկվան և Մինսկը լուծել են գազային ոլորտում վիճելի բոլոր հարցերը. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունները կարգավորել են գազային վեճը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ երեկ կայացած բանակցությունների արդյունքով:

«Մենք գտել ենք սխեմա, որով մենք պահպանում ենք մեր եկամուտները, մոտեցնում ենք գների հարցով մեր դիրքորոշումները»,- ասել է Պուտինը:

Նա նաև հստակեցրել է, որ կողմերը «հնարավոր փոխադարձ զիջումների հնարավորություն են գտել»:

Լուկաշենկոն, իր հերթին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Պուտինը պատրաստակամություն է հայտնել վերաֆինանսավորել Մինսկի պարտքը: Նա չի նշել, թե ինչ պարտքի մասին է խոսքը:

«ՌԴ նախագահը խոստացել է, որ այսօր կամ վաղը այդ հարցով համապատասխան հրաման կարձակի»,- ասել է Լուկաշենկոն:

Մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի խոսքով՝ Ռուսաստանը կարող է սկսել Բելառուս նավթի մատակարարումն արդեն ապրիլին: Նա վստահեցրել է, որ Մոսկվան անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կազմակերպի մատակարարումը տարեկան 24 մլն տոննա հաշվարկով: Ընդ որում, Մինսկը պետք է «Գազպրոմ տրանսգազ Բելառուսին»՝ «Գազպրոմ»-ի «դուստր» ձեռնարկությանը վճարի $726 մլն չափով պարտքը:




Լրահոս