Խորհրդարանական ընտրություններն արդեն իրողություն են: Նոր խորհրդարանը բաղկացած կլինի ՀՀԿ-ից, Ծառուկյան և ԵԼՔ դաշինքներից, ՀՅԴ-ից:
Նոր խորհրդարանում չի լինի «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով զբաղեցնում էր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համապետական ցուցակի երկրորդ հորիզոնականը, ինչպես նաև վարկանիշային ընտրակարգով առաջադրվել էր թիվ երկու ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջաններ):
Թերևս նա այն գործիչներից մեկն էր, ում` ԱԺ-ում չլինելու հանգամանքի համար կարելի է ափսոսալ, ի վերջո, նա մշտապես պայքարող տեսակ է եղել: Թիվ երկու ընտրատարածքում Արմեն Մարտիրոսյանը ստացել էր 872 ձայն:
Այս նույն ընտրատարածքում առաջադրված էր նաև Գագիկ Բաղդասարյանը, սակայն որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարկանիշային թեկնածու: Նա հանդիսանում է ավագանու «Բարև Երևան» դաշինքի ղեկավարը և այս ընտրատարածքում ստացել է 330 ձայն:
Նույն կուսակցության վարկանիշային թեկնածու էր համարվում նաև Անահիտ Բախշյանը, ով առաջադրել էր իր թեկնածությունը թիվ երեք ընտրատարածքում` Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող: Նա ևս հանդիսանում է ավագանու անդամ և մշտապես աչքի է ընկել իր ակտիվ նախաձեռնություններով` հատկապես կրթության ոլորտում: Բախշյանն այս ընտրատարածքում ստացել էր 831 ձայն: