Չնայած ամիսներ ի վեր իշխանությունների կողմից հնչող հավաստիացումներին, թե այս անգամ ընտրական գործընթացը լինելու է մաքսիմալ թափանցիկ՝ ներդրվող տեխնիկական նորամուծությունների շնորհիվ, ապրիլի 2-ին կայացած ընտրությունները ընթացան «ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ» տարբերակով:
Ընտրությունների ողջ ընթացքում թե՛ դիտորդները եւ թե՛ շատ քաղաքական ուժերի վստահված անձինք ահազանգում էին, որ ընտրությունները հսկող տեսանկարահանող սարքերը բավական ժամանակ անջատված են եղել, ընթացքում տեխնիկական սարքերի անսարքություն է եղել, նկատելի է եղել նաեւ մարդկանց ուղղորդված հոսք դեպի ընտրատեղամասեր: Ո՞վ եւ ինչպես է պատասխանատվություն կրելու տեխնիկական սարքերի խափանման համար. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
-Պարո՛ն Մուկուչյան, ընտրությունների ընթացքում եղան ահազանգեր, որ տեսանկարահանող սարքերն անջատված են եղել, մատնահետք վերցնող սարքերն են հաճախ փչացել եւ այլն: Ո՞վ եւ ինչպե՞ս է պատասխանատվություն կրելու այս անսարքությունների համար:
-Տեխնիկական սարքավորումներն աշխատել են նորմալ, եւ որեւէ պատասխանատվության խնդիր չկա: Նույնը վերաբերում է նաեւ այն տեսախցիկներին, որոնք տեղադրված են եղել ընտրատեղամասերում, տեսախցիկների մասով պարզաբանվեց բազմիցս, որ այն հղումը, որը դրված էր հանձնաժողովի կայքէջում, ընդամենն այցերի գերծանրաբեռնվածությամբ էր պայմանավորված, որ չէր լինում անմիջապես միանալ: Իսկ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին տրամադրված էր համապատասխան հնարավորություն, այդ թվում նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի դիտարկվեին այդ տեղամասերը:
-Իսկ ի՞նչ կասեք մատնահետք վերցնող սարքերի մասին, դրանց ոչ սահուն աշխատանի արդյունքում կուտակումներ էին առաջանում: Դա նորմա՞լ է:
-Ինչ վերաբերում է մատնահետք վերցնող սարքերին, բոլոր խափանումները միասին մեկ տոկոսից քիչ էին կազմում, հետեւաբար որեւէ պատասխանատվության խնդիր չի կարող լինել:
-ԵԱՀԿ դիտորդները լրագրողների հետ զրույցում նշել են, որ ընտրակաշառք բաժանելու դեպքեր են արձանագրել, ճիշտ է՝ հրաժարվել են կոնկրետ քաղաքական ուժերի անուններ նշել, բայց խոստացել են, որ այդ մասին ողջ տեղեկատվությունը կլինի իրենց առաջիկա համապարփակ զեկույցում: Դրանք հաշվի առե՞լ եք:
-Ես ծանոթ չեմ զեկույցին: Ծանոթանամ, կասեմ:
-Իսկ ի՞նչ կասեք ընտրողների՝ դեպի ընտրատեղամասեր ուղղորդված հոսքի մասին, դա ընտրախախտում չէ՞, արդյո՞ք այդպիսով ճնշում չի գործադրվել ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա:
-Յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է քննարկվի իր ամբողջության մեջ: Այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք քվեարկության օրվա ընթացքում արձանագրվել են, դրանց մի մասին արդեն արձագանքները տրվել են քվեարկության օրվա ընթացքում, մյուս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովը կանդրադառնա, մինչեւ հայտնի կդառնան վերջնական արդյունքները:
-Պարո՛ն Մուկուչյան, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակական կազմակերպություննեի բազմաթիվ ներկայացուցիչներ մտահոգություն հայտնեցին, որ ոստիկանության կողմից ներկայացված ընտրողների թիվը ուռճացված է: Դա արդեն դիտվեց որպես կասկածահարույց գործոն, որը էական ազդեցություն կարող էր ունենալ ընտրությունների արդյունքի վրա…
-Որեւէ կասկածամտություն այդտեղ լինել չի կարող:
-Կարծես մոռացության է մատնվել տնօրենների մասնակցությամբ ձայնագրությունների միջադեպը: ԿԸՀ-ն դա վարույթ էր ընդունել, բայց այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչ ճակատագիր ունեցավ այդ վարույթը: Կպարզաբանե՞ք:
-Երկու դիմումով էլ ներկայացվել է որոշում, դիմումը մերժվել է:
Վահագն Հակոբյան