Տեր-Պետրոսյանի կողմից ղարաբաղցի-հայաստանցի տարանջատման դեմ վրդովմունքը առաջացնում է շատ կոնկրետ հիշողություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանական ընտրութուններից հետո երեկ երկրորդ անգամ հանդես եկավ հրապարակային խոսքով: Վերստին ներկայացնելով Հայաստանում ընտրությունների կեղծման արատավոր համակարգը եւ արձանագրելով, որ երկրում ոչնչացված է միջին խավը՝ իբրեւ ընտրությունների ելքը վճռող գործոն, Տեր-Պետրոսյանն արտահայտում է իր զարմանքը. «Ապշելու բան է, թե Խորհրդային բռնապետության դեմ 1988-ին միահամուռ ոտքի կանգնած հպարտ ժողովրդին ինչպես կարելի էր ընդամենը երկու տասնամյակում, բառիս բուն իմաստով, ծնկի բերել։ Դա հնարավոր էր միայն ու միայն նրան բացարձակ թշվառության մատնելու ճանապարհով, ինչը փայլուն կերպով իրականացրեց 2000-ական թթ. սկզբից Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը»:

Թերեւս արդեն հոգնեցուցիչ է եւ անիմաստ հիշեցնելը, որ այդ գործընթացը սկսվել էր շատ ավելի վաղ՝ արդեն 90-ականների սկզբից, երբ ոչ պակաս թափով էր ընթանում ժողովրդի թշվառացման գործընթացը: Ավելի կարեւոր է դիտարկել Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածում ի հայտ եկած նոր շեշտադրումները՝ կապված հայաստանցի-ղարաբաղցի տարանջատման անընդունելիության հետ:

Այս համատեքստում նախ՝ նորություն էր, որ երկրի առաջին նախագահն արդեն հարկ է համարում արձագանքել որեւէ թերթում հրապարակված որեւէ կոնկրետ հոդվածի: Սա արդեն իսկ ժամանակին այնքան սակավախոս Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակախոսական ակտիվության ուշագրավ դրսեւորում է:

Առավել ուշագրավ է այն, թե ինչ է ասում Տեր-Պետրոսյանն իր արձագանքում. «Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։

Այդպիսի հիմք չէ նաեւ Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձեւավորված խիստ բացասական վերաբերմունքը։ Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները եւ թե՛ զրկանքներն ու տառապանքները»։

Տեր-Պետրոսյանի կողմից ղարաբաղցի-հայաստանցի տարանջատման դեմ նման վրդովմունքը ողջունելի լինելով հանդերձ, այնուամենայնիվ, առաջացնում է շատ կոնկրետ հիշողություններ:

Մասնավորապես դժվար է մոռանալ, թե ինչպես էր ժամանակին Ստեփանակերտում Լեւոն Տեր-Պետրոսյանը այն նույն հանդիպմանը, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանն արեց իր՝ ալբանացի լինելու մասին հայտնի կատակը, դահլիճից դուրս գալով ասում՝ «Լեոնարդին /Լեոնարդ Պետրոսյանին/ էլ թողնում ենք այստեղ որպես կես հայ-կես ղարաբաղցի…», եւ ուղղմանը, թե նախագահը գուցե նկատի ունի՝ «կես հայաստանցի, կես ղարաբաղցի» հեգնանքով երկրորդում՝ «ես գիտեմ, թե ինչ եմ ասում՝ կես ղարաբաղցի, կես հայ»:

Ինչեւէ, սեփական սխալները գիտակցելն ու մոտեցումները վերանայելու խիզախությունը միայն ողջունելի է:




Լրահոս